211652_close_icon
views-count1237 դիտում article-date 17:41 09-03-2024

Քանդվել են Արցախի Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության շենքերը

Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Ազգային ժողովի շենքը Արցախի Հանրապետության քաղաքական ինքնության խորհրդանիշներից մեկն էր, ուստի պատահական չէ, որ քաղաքի օկուպացիայից հետո ադրբեջանական կողմը քանդեց այն: Բացի այդ, այս շենքը իր ծավալներով Ստեփանակերտ քաղաքի յուրօրինակ խորհրդանիշներից էր, որն երևում էր քաղաք դեռ չհասած, երբ բացվում էր Ստեփանակերտի տեսարանը: Ադրբեջանական կողմը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման, Արցախի ինքնության և ինքնուրույնության խորհրդանիշների ոչնչացումը: Այդ մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Արցախի Ազգային Ժողովի և Ազատամարտիկների միության շենքերը քանդելուն՝ կայքը գրում է.

«2023 թվականի սեպտեմբերին Արցախի տարածքի ամբողջական օկուպացիայից հետո սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում կարելի է հանդիպել տասնյակ տեսանյութերի, որոնք նկարահանվել են ադրբեջանցիների կողմից օկուպացված Արցախում: Արցախի Ազգային ժողովի շենքի քանդման աշխատանքները ցուցադրող տեսանյութերը հգամացանց են ներբեռնվել է 2024 թվականի մարտի 3-ին: Տեսանյութերից կարող ենք տեսնել, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքի ծավալի զգալի մասը քանդված է: Տեսանյութերից մեկում փաստվում է շենքի քանդման աշխատանքների մեկնարկը, իսկ մյուսում՝ արդեն վերջնարդյունքը: Արցախի Ազգային ժողովի շենքի միտումնավոր քանդումը պետք է որ եղած լինի փետրվարի վերջին, քանի որ տեսանյութերը ներբեռնվել են համացանց մարտի 3-ին և 4-ին։

Ազգային ժողովի շենքի քանդման մասին ինֆորմացիայի տարածումից հետո, ադրբեջանական հեռուստատեսությամբ ցուցադրվեց շենքի քանդման մասին պաշտոնական տեսանյութը, որտեղ քանդման աշխատանքները մեկնաբանվեցին որպես անջատողականության խորհրդանիշների ավերում, ինչի մեկնարկը տվել էր Իլհամ Ալիևը։

Ազգային ժողովի շենքը կառուցվել է 2003-2007 թվականներին ճարտարապետ Համլետ Խաչատրյանի նախագծով: Խորհրդային տարիներին այստեղ էր գտնվում Ստեփանակերտի թիվ 1 միջնակարագ դպրոցը, որի ծավալի մի մասը վերակառուցվեց և ներառվեց Ազգային ժողովի շենքի ծավալում:

Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Ազգային ժողովի շենքը Արցախի Հանրապետության քաղաքական ինքնության խորհրդանիշներից մեկն էր, ուստի պատահական չէ, որ քաղաքի օկուպացիայից հետո ադրբեջանական կողմը քանդեց այն: Բացի այդ, այս շենքը իր ծավալներով Ստեփանակերտ քաղաքի յուրօրինակ խորհրդանիշներից էր, որն երևում էր քաղաք դեռ չհասած, երբ բացվում էր Ստեփանակերտի տեսարանը: Ադրբեջանական կողմը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման, Արցախի ինքնության և ինքնուրույնության խորհրդանիշների ոչնչացումը:

Ադրբեջանական լրատվական ալիքները ևս անդրադարձան այս թեմային, միայն թե հրճվանքով՝ շեշտելով, որ շենքը անջատողականության խորհրդանիշ է։

Ադրբեջանական կողմը ավերել է նաև Արցախի Ազատամարտիկների միության շենքը, որը շահագործման է հանձնվել և պաշտոնապես բացվել 2014 թվականին։ Շենքի ճարտարապետն է Անահիտ Վարդանյանը:

Արցախի ազատամարտիկների միությունը հիմնվել է 2000 թվականին, այն ուներ ավելի քան 10 հազար անդամ: Միությունը հասարակական կազմակերպություն էր, որի նպատակն էր միավորել Արցախյան պատերազմի մասնակիցներին, օգնել և օժանդակություն ցույց տալ զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, աջակցել սոցիալական խնդիրների լուծմանը: Միության կարևորագույն նպատակներից էր սատար կանգնել Արցախի Հանրապետությանը:

Մեր արձագանքը

Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում  մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների, վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն:

Օկուպացիայի ընթացքում տեղի ունեղող ամենատարբեր  հարաբերություններն ու գործընթացները  կարգավորվում են Միջազգային հումանիտար (մարդասիրական) իրավունքով։ Մշակութային արժեքների պաշտապնությանն են վերաբերում միջազգային մարդասիրական կրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ  և  41-րդ կանոնները։

Զինված բախումների ժամանակ և դրանից հետո՝ օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության սկզբունքներ է առաջարկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզում տեղի ունեցած 33-րդ նստաշրջանի Գլխավոր կոնֆերանսի կողմից 2003 թ. ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագիրը։  Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունն իր 9-րդ հոդվածով նույնպես արգելում է մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները թշնամու վերահսկողության տակ գտնվող  տարածքներում»:

Նմանատիպ նյութեր