211652_close_icon
views-count70655 դիտում article-date 16:43 17-03-2024

Արարատում պարեկները վնասազերծել են 36-ամյա տղամարդուն, ով Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը կոտրել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ Ներքին գործեր նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ Արարատի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Մանդիրովկես արագաչափիդ վնաս չէ» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Սուրենավան և Արմաշի արագաչափերը կոտրել է։

Պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ կոտրողը «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայով է և նրան վնասազերծելու համար գումարտակի հրամանատարը, գումարտակի հրամանատարի տեղակալը, վաշտի հրամանատարն ու պարեկներ Վարդան Կարապետյանն ու Ավետիս Խաչատրյանը դարանակալում են Արարատի մարզում ու նկատում են, որ կասկածելի ավտոմեքենան մոտենում է դեպի Վեդու կողմ։

 Պարեկներին հաջողվում է նրան կանգնեցնել  ու բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով նա Երևանում հաշվառված, Արարատի մարզում բնակվող 36-ամյա Նարեկ Ա․-ն է։ Պարզվել է, որ նա կոտրել է Երասխ, Սուրենավան, Արմաշ, Զանգակատուն գյուղերում տեղադրված բոլոր արագաչափերը, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ճանապարներին տեղադրված արագաչափերը։

Վերջինիս ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա կասկածվում է Հանրապետությունում մի քանի այլ արագաչափեր կոտրելու մեջ։
 
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր