211652_close_icon
views-count793 դիտում article-date 09:52 20-03-2024

Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն զորք չեն ուղարկի Ուկրաինա

Միացյալ Նահանգները մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա կռվելու, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես բացառել է ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել այդ երկիր: Այս մասին երեքշաբթի ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի վերջին հայտարարությունները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք շատ պարզ ենք ասել, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա կռվելու, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ևս բացառել է ՆԱՏՕ-ի որևէ զորք Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը:

«Մենք կարծում ենք, որ Պուտինի ագրեսիան կասեցնելու ամենաուղիղ և օգտակար միջոցը կլինի, որ Ներկայացուցիչների պալատը ընդունի Ազգային անվտանգության ակտը, որպեսզի մեր ուկրաինացի գործընկերներն ունենան իրենց պաշտպանվելու համար անհրաժեշտ զենքն ու զինամթերքը, որպեսզի կարողանան շարունակել համարձակորեն պաշտպանվել, պաշտպանել իրենց ժողովրդավարությունը և հաստատել իրենց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ընդգծել է նա:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել էին, որ եթե Եվրոպային խաղաղություն է պետք, ապա նա պետք է պատրաստվի պատերազմի։

Ի պատասխան Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի այսօրվա հայտարարության, թե իբր Ֆրանսիան պատրաստվում է 2000 զինվոր ուղարկել Օդեսա, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցներում տարածված հաղորդագրությունների, որ Ֆրանսիան արդեն իր զորքերը տեղակայել է Ռումինիայում, և նրանք պատրաստվում են Ռումինիայից անցնել Օդեսայի սահմանը, Պատելն ասել է. «Առաջին հերթին ես կասեի, որ այն, ինչ գալիս է ռուս պաշտոնյաներից, պետք է որոշակի հոռետեսությամբ վերաբերվել։ Երկրորդ՝ սա հարց է, որը պետք է ուղղել մեր ֆրանսիացի գործընկերներին։ Եթե ​​դա ճիշտ է, ես պարզապես կկրկնեմ, որ նախագահ Բայդենը աներևակայելի հստակ ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ չէ զորքեր ուղարկել Ուկրաինա, և դա հաստատել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը»:

Նմանատիպ նյութեր