211652_close_icon
views-count724 դիտում article-date 20:53 04-04-2024

Շվեյցարիան համաձայնություն է տվել Ժնևում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) համաձայնություն է տվել Ժնևում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը, որը զբաղվելու է միջազգային կազմակերպությունների հետ կապերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Ալեն Էլչինգերը։

«Շվեյցարիան ՆԱՏՕ-ից 2023 թ. վերջին պաշտոնական խնդրանք է ստացել կապի գրասենյակ բացելու համար, - նշել է նա։ - Դաշնային խորհուրդն սկզբունքային համաձայնություն է տվել նման գրասենյակի բացմանը, և ԱԳՆ-ն պատասխանատու է հաջորդ քայլերի մշակման համար ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում։ Բացման ժամկետի մասին տեղեկությունը լրացուցիչ կհաղորդվի»:

Բեռնը համարում է, որ «նման գրասենյակը պաշտոնական Շվեյցարիայի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի երկկողմ գրասենյակ չէ, այլ ՆԱՏՕ-ի կապի գրասենյակ Ժնևում տեղակայված միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ»։
«Դաշինքն արդեն կապի երկու նման գրասենյակ ունի Նյու Յորքում և Վիեննայում, - հիշեցրել է ԱԳՆ ներկայացուցիչը: - Դրանք նպաստում են տեղական միջազգային կազմակերպությունների հետ Դաշինքի հարաբերությունների զարգացմանը և հետևում իրադարձություններին բազմակողմ մակարդակով»:

Ժնևի գրասենյակը «հետևելու է նույն բազմակողմ տրամաբանությանը»։ Իր հերթին, Շվեյցարիան կշարունակի ՆԱՏՕ-ի հետ շփումը Բրյուսելում իր ներկայացուցչի միջոցով։

Ժնևում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակ ստեղծելու գաղափարը 2023 թ. մարտին ողջունել էր Կանտոնների խորհրդի՝ Շվեյցարիայի խորհրդարանի փոքր պալատի անվտանգության քաղաքականության հանձնաժողովը։

Նմանատիպ նյութեր