211652_close_icon
views-count907 դիտում article-date 12:12 09-04-2024

Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսի․ Արմեն Ռուստամյան

Վերջերս Նիկոլ Փաշինյանը այցելել էր Տավուշի սահմանամերձ գոտի, որոնք պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, ու ժողովրդին ահաբեկել էր պատերազմով, ինչը իրականում շավ մտածված ծրագիր է։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Այնտեղից վախեցնում են, այստեղից նույնպես, ստեղծում են տպավորություն, որ մենք ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որպեսզի կարողանանք այս տարածաշրջանում գոյատևել»,- ասաց նա։

Հարցին՝ Ադրբեջանի առաջնային նպատակը Տավուշի 4 գյուղե՞րն են, թե հեռուն գնացող ծրագիր է հետապնդում, պատգամավորը նշեց․

«Իհարկե հեռուն գնացող ծրագիր է, Ադրբեջանը երբեք էլ կանգ չի առել որևէ պահանջի վրա։ Ժամանակին անկեղծության պոռթկում ունենալով՝ Փաշինյանը ինքն է դա հաստատել՝ ասելով մենք պատրաստ ենք զիջել պարզապես, չգիտենք ինչքան, որ իրենց բավարարենք։ Չեմ բացառում, որ այս անգամ Ադրբեջանը գնա նաև լայնամասշտաբ հարձակման, որպեսզի միանգամից խնդիրը լուծի։ Լոկալ բախումների միջոցով Բաքուն հասել է լոկալ արդյունքների, այս անգամ իրենց նպատակը ավելի գլոբալ է։ Մենք էլ պարարտ հող ենք ստեղծում դրա համար, երբ ասում ենք՝ այդ տարածքները իրենցն են, հրավիրում ենք, որ մտնեն այդ տարածքներ ցանկացած եղանակով, այդ թվում զորքով»։

Ռուստամյանը ընդգծեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը շարունակում է մնալ Բաքվի օրակարգում։
«Ինչքան էլ այս իշխանությունները ասում են, որ դա հանված է օրակարգից, 9-րդ կետը շարունակում է գործել ու «Զանգեզուրի» հետ կապված պահանջները մենք բազմիցս ենք լսում, բայց իրենք միայն «Զանգեզուրով» չեն սահմանափակվելու։ Պետք է այնպես անեն, որ Հայաստանը որպես աշխարհաքաղաքական գործոն կորցնի իր նշանակությունը, այստեղ միայն այդ 4 գյուղերի հարցը չէ: Դրանից հետո մենք ռազմավարական հսկայական հարված ենք ստանալու, կորցնելու ենք անգամ Վրաստան տանող ճանապարհը։ Ստացվում է Ադրբեջանը փորձում է իր վերահսկողության տակ պահել  ռազմավարական նշանակության մեր բոլոր ճանապարհները»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը։ 

Նմանատիպ նյութեր