211652_close_icon
views-count87582 դիտում article-date 10:43 14-04-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Kia»-ան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ ապրիլի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Նահապետ Հ.-ն Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում «Գրանդ սպորտ» մարզասրահի հարևանությամբ, իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 68-ամյա Շահեն Պ.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց և դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է, սակայն վիրավորը, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ ՊԾ պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանի, Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ նրանց գալը հետաքրքրասեր վարորդները մեքենաները կայանել և ստեղծել էին արհեստական խցանում սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյան և քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր