211652_close_icon
views-count958 դիտում article-date 12:19 17-04-2024

Միջադեպն իրապես ցավալի է, սակայն այն, ինչ տեղի է ունեցել հետո, դուրս է բանականության շրջանակներից. «Հայաքվե»

Կանխել քաղաքական բռնությունը

Ս․թ․ ապրիլի 15-ին ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի և ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև տեղի է ունեցել միջադեպ, որի վերաբերյալ խուլիգանության հանցակազմի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս միջադեպն իրապես ցավալի է, սակայն այն, ինչ տեղի է ունեցել միջադեպից հետո, դուրս է գալիս բանականության շրջանակներից։

Ապրիլի 16-ին Սամվել Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի կողմից ներկայացվել են փաստեր, ըստ որոնց` քննչական գործողությունների ավարտից հետո Սամվել Վարդանյանին ոստիկանության ծառայողները պետք է ուղեկցեին ՁՊՎ, սակայն վերջիններս ճանապարհին կանգ են առել, կեղծ պատրվակով ձերբակալված անձին մենակ են թողել մեքենայի մեջ և հեռացել, որից անմիջապես հետո Վարդանյանի վրա են հարձակվել դիմակավորված անձիք, դուրս բերել մեքենայից, ծեծել, հայհոյել, կատարել արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ, այնուհետև նորից բռնությամբ վերադարձրել ոստիկանական ավտոմեքենան և հեռացել։ Դրանից հետո ուղեկցող ոստիկանները վերադարձել են, Վարդանյանին տարել են ՁՊՎ, իսկ ճանապարհին հեգնական տոնով հարցրել, թե ինչ է պատահել նրա հետ` փաստացի ակնարկելով, որ իրենք տեղյակ են կատարվածից։

Ներկայացված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ Սամվել Վարդանյանի վրա հարձակումը նախապես պլանավորվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից, որի հանցավոր գործողություններին անմիջական մասնակցություն են ունեցել ոստիկանները, որոնց ուղիղ պարտականությունն է յուրաքանչյուր ձերբակալվածի անվտանգության ապահովումը։ Հաշվի առնելով նաև իշխանամերձ մամուլում հայտնված ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդարի կոչերը` կարելի է ենթադրել, որ իշխանության վերին օղակները տեղյակ են եղել և իրենք են անմիջապես հրահանգել այս զազրելի հանցագործությունը, այլապես դժվար է պատկերացնել ոստիկանների այսպիսի աղաղակող թողտվությունը։ Սա բացահայտում է գործող վարչախմբի ահագնացող վախերը և հանրային ընդվզումը բռնությամբ ճնշելու նրա մտադրությունը։

Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած բռնություն ներքաղաքական հարցեր լուծելու նպատակով, և պահանջում ենք, որպեսզի իրավապահ մարմիններն անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ այն կանխելու, հնարավոր մեղավորներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու նպատակով, այլապես մեր երկիրը կարող է հայտնվել ներքաղաքական նոր ցնցումների շեմին, և դրա համար անմիջական պատասխանատվությունը կրելու է ՀՀ գործող վարչախումբը։

Մասնավորապես, պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազից պարզել փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի ներկայացրած փաստերը, դրանց հաստատման դեպքում քրեական գործ հարուցել այս աղաղակող միջադեպի բոլոր մասնակիցների և հովանավորների նկատմամբ։ Միաժամանակ, պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազից իրավական գնահատական տալ «Հայկական ժամանակ» կայքում հրապարակված` «Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Հարություն Մկրտչյան» խայտառակ վերնագրով հոդվածին, որտեղ ուղղակի սպառնալիք և բռնության կոչեր են պարունակվում ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ։ Մեր կողմից, հետևողականորեն հետամուտ կլինենք, որպեսզի այս գործով բոլոր մեղավորները հայտնաբերվեն և համարժեք պատասխանատվության ենթարկվեն։ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդ

Նմանատիպ նյութեր