211652_close_icon
views-count48077 դիտում article-date 12:49 17-04-2024

Գեղանիստ-Երևան ճանապարհի կամուրջը մինչև հիմա մնացել է փակված. բնակիչներն ասում էին՝ «Դոգի ցավը տանենք, թող գա սրանց «մաման լացացնի», նոր կարող ա մտածեն՝ կամուրջը մի բան անեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ապրիլի 6-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Գեղանիստ-Երևան ավտոճանապարհի վթարային, հետո արդեն մասամբ փլուզված ավտոճանապարհի վերաբերյալ:  

Տեղում  բնակիչները խնդրանքով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր հանձնարարականով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ աշխատանքներ կատարվեն և կամուրջը հրատապ վերակառուցվի:

Հրապարակման հաջորդը օրը փլուզված կամրջի վայր էին ժամանել Արարատի մարզպետարանի 2 աշխատակիցներ, ովքեր իրենք էին ներկայացել, որ մարզպետարանում են աշխատում ու բնակիչներին խոստացել էին, որ 2 օրից ճանապարհաշինարարները կսկսեն արդեն կամրջի վրա աշխատանքներ կատարել:

Բնակիչները անգամ նեղսրտեցին, ասելով, որ ուզում են հավատալ մարզպետարանի այդ չինովնիկի խոսքին, սակայն թերահավատ են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 16-ին, դեռ ոչ մի կազմակերպություն չի բարեհաճել, որպեսզի աշխատանքներ սկսի:

Տեղում միայն աշխատում են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և Արմավիրի գումարտակի պարեկները: Վերջիններս անգամ հերթապահություն են իրականացնում, որպեսզի կամակոր վարորդները չփորձեն իրենից արդեն լուրջ վտանգ ներկայացնող կամրջի վրայով անցնել:
Բնակիչները ասում էին.

«Ոչ մի բան չեն արել, անգամ չեն բարեհաճել ժամանեն ճանապարհաշինարարները: Բերել մի 2 հատ «ամբախ-զամբախ» երկաթի կտոր են դրել ու խոստացել էին, որ էսա մեծ թափով սկսվելու է, բայց էն Արարատի մարզպետարանի կապույտ շորերով պաշտոնյայի նման հօդս ցնդեցին:

Չգիտենք՝ էլ ում դիմենք, Դոգի ցավը տանեմ, մնումա Դոգը գա, որ սրանց «մաման լացացնի» ու էդ ժամանակ հաստատ «սելը տեղից կշարժվի», թե չէ սրանց որ մնա, մի տարի էլ էս կամուրջը կմնա էս վիճակում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջին տարիներին Հանրապետությունում հսկայածավալ աշխատանքներ են կատարվել մարզերում իրենց դարն ապրած կամուրջների կապիտալ վերանորոգման ուղղությամբ, անհերքելի փաստ է։ Անգամ այնպիսի գյուղերում են կամուրջները կարգի բերվել, որ այդ հատվածներում միայն սովետական տարիներին են աշխատանքներ կատարվել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներով աշխատանքների հսկողությունը դրվել է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի վրա, ով որոշ հատվածներում աշխատանքներին հետևում է առցանց եղանակով։ Աշխատանքները հիմնականում կատարվում են ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների կողմից, որի ղեկավար Գոռ Ավետիսյանը հենց տեղում աշխատանքների մասին ներկայացնում է Գ․ Սանոսյանին։ Գովելի է, որ այդ ամենը կատարվում է, սակայն Արարատի մարզի Գեղանիստ գյուղից դեպի Երևանի «Աերացիա» տանող ճանապարհին եղած կամուրջին բնակիչներն արդեն անուն են դրել, ասելով՝ «կամուրջը ճողվածք է ստացել»։

Ապրիլի 5-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները արդարացիորեն բարձրաձայնում էին, ասելով «Էս կամուրջը քանի տարի է խոստացել են, որ հիմնովին կվերանորոգեն, բայց այդ ամենը իրականություն չի դառնում։ Գուցե պատասխանատուները սպասում են, որ կամրջի փլուզվելու հետևանքով ողբերգություն տեղի ունենա, նոր տեսենեն ինչ է հնարավոր անել։ Մի թե ժամանակը չէ, որպեսզի էս խնդիրը լուծեն։

էս ճանապարհից անգամ զբոսաշրջիկներն են օգտվում։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ տուրիստները կամրջի վրայով անցնելիս «Օ մայ Գադ-օ մայ Գադ» ասելով խաչակնքվում նոր շարժվում էին»։ 

Կարիք չկա գույները խտացնել, անզեն աչքով էլ երևում էր, որ կամուրջը, որի տակով գետ է անցնում, ամեն վայրկյան հնարավոր է փլուզվի, իսկ գիշերային ժամերին արտաքին լուսավորության բացակայության պատճառով եղել են դեպքեր, որ ավտոմեքենաների անիվները հայտնվել են կամրջի «ճողվացքի մեջ»։ 

Ոչ միայն բնակիչները, այլ վարորդները խնդրանք-պահանջով դիմել էին Ն․ Փաշինյանին, Գ․ Սանոսյանին, որպեսզի խնդիրը հրատապ կարգով լուծեն, քանի որ ամեն մի վայրկյան ուշացնելու դեպքում չգիտես ինչ կլինի կամրջի հետ, նամանավանդ, որ կամրջի հարևանությամբ գործում են նաև ուսումնական հաստատություններ ու երեխաները նշված հատվածով անցնելիս վախի զգացողություններ են ունենում։

Հրապարակումից րոպեներ անց էլ նշված կամրջի հետիոտնային հատվածի մոտ 10 մետր երկարությամբ հատված փլուզվել էր: 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ: 

Ժամանել էին նաև Արարատի մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները: 

Երթևեկությունը նշված կամրջի 2 հատվածում դադարեցվել էր:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր