211652_close_icon
views-count86118 դիտում article-date 13:53 21-04-2024

Առեղծվածային դեպք՝ Բալահովիտ գյուղում. ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տատիկը տեղափոխվել է հիվանդանոց. պարեկները դեպքի վայրում վնասազերծել են նրան մարմնական վնասվածքներ պատճառած կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բալահովիտ գյուղի տներից մեկում վիրավոր քաղաքացի կա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերտաիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոն Այվազյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 14-րդ տան բակում հայտնաբերել են ամբողջությամբ արյան մեջ թաթախված, գլխի մասում վնասվածքներով տանտիրուհուն:

Ոստիկաններն ու պարեկները ահազանգել են «Աբովյան» բժշկական կենտրոն, ու մինչ կժամաներ շտապօգնության խումբը, վիրավորին ոստիկաններն ու պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները իրենք են տեղում օգնություն ցուցաբերել, որից հետո ոստիկաններն ու պարեկները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Վիրավորը տեղափոխվել է Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:  

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Տ. Բաղյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվելու է վիրավորի և նրան մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Ճիշտն ասած՝ չենք իմացել՝ ինչ ա տեղի ունեցել: Մենակ էն տեսանք, որ պարեկները ավտոներով եկան, մտան էդ տուն, մի հոգու կանդալեցին ու տարան: Հետո պարեկներն իրանց ավտոմեքենայում եղած դեղատուփից բինտ ու բամբակ հանեցին ու տան բակում սկսեցին վիրավոր տատիկին օգնություն ցուցաբերել: Հետո եկան Աբովյանի ոստիկանները, ովքեր զանգեցին շտապօգնություն, ու սկոռին եկավ վիրավորին տեղափոխեց հիվանդանոց:  
Մեզ հասած տեղեկություններով՝  նրան քարով մի քանի անգամ հարվածել է փեսան: Հենց իրան էլ լավա շուտ պարեկները բռնեցին, թե չէ կարողա տար ու սպաներ, բայց թե ոստիկաններն ու պարեկները որտեղից են դեպքի մասին իմացել՝ չգիտենք. կեսն ասում են՝ տատիկին վնաս պատճռողն ա զանգել, կեսն էլ ասում են՝ դե իմացել են, իրենց գործն ա՝ իմացել են»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ ձերբակալվել է:

Տան բակում և դրսում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր և քար, որով հավանաբար կասկածյալը հարվածներ է հասցրել տատիկին: Տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր