211652_close_icon
views-count38617 դիտում article-date 10:46 25-04-2024

Բնակիչներն ասում էին՝ «Առինջի «մահաբեր» փողոցի խնդիրը վերջապես շնորհիվ Ներքին գործերի նախարարի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի և Աբովյանի քաղաքապետի, կլուծվի, իսկ վթարները կմնան անցյալում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ապրիլի 21-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի ունեցած հերթական ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ, որտեղ բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում ու խնդրում էին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանին և Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին, որպեսզի վեջապես միջոցներ ձեռնարկեն՝ ճանապարհի այդ հատվածում արհեստական անհարթություններ, բետոնե արգելապատնեշներ, երթևեկությունը կարգավորող ցուցանակներ և արտաքին լուսավորության խնդիրը լուծելու ուղղությամբ:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը ՀՀ ՆԳ նախարարի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հանձնարարականով՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՃՈ պետ Ն. Սարգսյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիականության Երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանը:

Ժամանել էին նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Է. Բաբայանը, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Զարոյանը և Աբովյան խոշորացված համայնքի Առինջի վարչական ղեկավար էմիլ Ղուկասյանը:
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Էս խնդիրը կա դեռ Սովետական տարիներից, բայց այն տարիներին այսքան տրանսպորտյային շարժ չկար, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո տրանսպորտային միջոցների շարժը ավելացավ ու էս հատվածում վերջին տարիներին հաճախակիացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, քանի որ շատ վարորդներ չեն կողմնորոշվում, ինչի պատճառներից մեկը նաև ճանապարհային երթևեկության ցուցանակների բացակայությունն է:

30 տարի է՝ ում ասես դիմել ենք ու միշտ խոստացել են, որ կկարգավորեն, սակայն եկել են, նայել են, իրենց մոտ նշումներ են արել ու գնացել. այդքանով համարել են հարցը լուծված, բայց ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը դրանով չի նվազել. հիմա ուզում ենք հավատալ, որ Ներքին գործերի նախարարի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի, ՀՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության պետի և Աբովյանի քաղաքապետի շնորհիվ խնդիրը կլուծվի, կտեղադրեն անհրաժեշտ երկաթբետոնե արգելապատնեշներ, կտեղադրվեն արհեստական անհարթություններ, երթևեկությունը կարգավորող ցուցանակներ ու կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը»:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ խնդրի ահագին հատված պետք է լուծի Երևանի քաղաքապետարանը, սակայն Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանը, Առինջ վարչական ղեկավար Է. Ղուկասյանի հանձարարեց, որպեսզի էլ չսպասեն, թե Երևանի քաղաքապետարանը ինչ կանի, այլ իրենք հրատապ լուծեն բնակիչների բարձրացրած խնդիրը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 21-ին հերթական կասկադյորական վթարն էր տեղի ունեցել Երևան-Կոտայքի մարզ ճանապարհահատվածում: Ժամը 10:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ Խաչիկ Վարդանյանը Երևանի Աճառյան փողոցի 2-րդ փակուղու երթևեկելի հատվածից «Kia» մակնիշի ավտոմեքենայով Առինջ գյուղի 1-ին փողոցում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, անցել բնակչի տան ավտոտնակի վրայով և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Առինջ գյուղի 1-ին փողոցում:

Վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնություն էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ պատգարակով մոտեցրել էին շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել, ապա տեղափոխել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:  

Պարեկները սահմանազատել էին տարածքը, հրշեջ-փրկարարներն էլ հոսանքազրկել էին ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը, ապա իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:  

Վթարի մասին տեղեկանալով՝ Աբովյան խոշորացված համայքնի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարականով դեպքի վայր էր ժամանել Առինջի վարչականի ղեկավար Էմիլ Ղուկասյանը:

Բնակիչները արդարացիորեն բաձրաձայնում էին, որ նշված հատվածում հաճախակի են ճանապարհատրանսպորտային պատահարներ լինում, (որոնցից մի քանիսին SHAMSHYAN.com-ը անդրադարձել է) և խնդրում էին պատկան մարմիններից, որպեսզի միջոցներ ձեռնարկեն և կամ արհեստական անհարթություններ տեղադրեն, կամ բետոնե արգելապատեշներ:

Վարչականի ղեկավարը տեղում իրավիճակի մասին տեղեկություններ էր փոխանցում Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանին և պայմանավորվածություն ձեռք բերվեց բնակիչների հետ, որպեսզի հաջորդ օրը տեղում խնդիրը քննարկեն և հնարավորության սահմաններում գտնեն լուծում՝ ի շահ բնակչի:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, և հատկապես Կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր