211652_close_icon
views-count111617 դիտում article-date 18:50 26-04-2024

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 26-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցելԿոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի 3-րդ թաղամասի 7/12 հասցեում գտնվող դեռևս չգործող «Hotel Տ27» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դիեր կան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոն Այվազյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանը, ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Հրաչյա Աթաբեկյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Սահակյանն ու Ջուլիետտա Առուշանյանը:

Ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկի սենյակներից մեկում՝ հատակին և երկհարկանի մահճակալի 2-րդ հարկի հատվածում հայտնաբերել են տղամարդու մարմիններ:

Եվս 2 հոգի նշված վայրից շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամաենլ է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Արամայիս Բաբայանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Թաթոյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև փորձաքրեագետներ:  

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, սակայն նշված հյուրանոցային համալիրը գազաֆիկացված չէ, գազ չի օգտագործում:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են, իսկ վաղը պետք է տեղի ունենար նշված հյուրանոցային համալիրի բացումը:

Տեղի ունեցածը սպանություն է թե դժբախտ պատահար, պարզվում է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր