211652_close_icon
views-count988 դիտում article-date 20:43 27-04-2024

Արցախի թեմը շարունակում է միջազգային և միջեկեղեցական հարթակներում քայլեր ձեռնարկել արցախահայերի իրավունքների պաշտպանության համար․ Գարեգին Բ

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» (ԴՀԽ) հասարակական կազմակերպության անդամներին։

Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Հանդիպմանը ԴՀԽ-ի նախագահ տիար Գուրգեն Մելիքյանը Հայոց Հայրապետին ներկայացրեց կազմակերպության նպատակներն ու ծրագրերը՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունը նորաստեղծ խորհրդի արդյունավոր գործունեության համար։

Իր հայրական օրհնությունը բերելով ՀԿ-ի անդամներին՝ Նորին Սրբություն անդրադարձավ հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին ու անվտանգային սպառնալիքներին։ Հայոց Հայրապետը կարևորեց հայ դիվանագետների ջանքերը արտաքին գործընթացների մասնագիտական վերլուծության և լուծումներ գտնելու ուղղությամբ՝ ի պաշտպանություն մեր ժողովրդի արդար իրավունքների։

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց, որ Արցախի թեմը թեմական խորհրդի հետ միասին շարունակում է միջազգային և միջեկեղեցական հարթակներում քայլեր ձեռնարկել՝ ի խնդիր արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության։

Զրուցակիցները կարևորությամբ անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության ճանաչման, արցախահայերի իրավունքների պաշտպանության և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձման ուղղությամբ ջանքերի ներդրմանը:

Նմանատիպ նյութեր