211652_close_icon
views-count76548 դիտում article-date 11:20 02-05-2024

Սպանություն՝ Երևանում հայտնի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է սրտի կանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ն.-ն է:

Ըստ բժիշկների հայտնածի՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի հատվածում դանակահարված» անգիտակից վիճակում, որտեղ էլ արձանագրվել է սրտի կանգ:

Ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ պարզել են, որ նա մարմնական վնասվածքը ստացել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ:

Նշված վայր են մեկնել ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Ս. Քոչարյանի գլխավորությամբ:  

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և քրեագետի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր