211652_close_icon
views-count55976 դիտում article-date 12:10 04-05-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված «Mazda»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ժամանել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Արամ Գ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 60-ամյա Գարեգին Հ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել և բախվել է Երևանի բնակիչ  37-ամյա Վարդան Հ․-ի վարած, նշված խաչմերուկում շրջադարձի համար անշարժ վիճակում գտնվող «Mazda» մակնիշի ավտոմեքենային։

Վրաերթի ենթարկվածը Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Ղուկասյանն ու Մերի Վառյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մ․ Միրզոյանի որոշմամբ նախաձեռնվել  է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենանները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի վայրից մի քանի մետր հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են մահացածի բջջային հեռախոսը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր