211652_close_icon
views-count1165 դիտում article-date 13:38 15-05-2024

ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառք տալու գործով հայ գործարար է ձերբակալվել

Մոսկվայում ձերբակալվել է ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին` Յուրի Կուզնեցովին, կաշառք տալու գործով անձը՝ Լյովա Մարտիրոսյանը:

Քննության տվյալներով՝ Մարտիրոսյանն անձամբ ծանոթ է եղել Կուզնեցովի հետ և վերջինիս կաշառք է տվել «այլ գույքի տեսքով»։ Մոսկվայի Բասմանի դատարանը Մարտիրոսյանին մինչև հուլիսի 12-ը ուղարկել է քննչական մեկուսարան։ Նա մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 5-րդ կետով՝ «Հատկապես խոշոր չափերով կաշառք տալ»:

ՏԱՍՍ-ը հավելում է, որ Մարտիրոսյանը գործարար է, որը 2016 թվականից զբաղվում է հյուրանոցային բիզնեսով և մանրածախ առևտրով։ Այս մասին հայտնել են իրավապահ մարմինները։

«Դատարանի կողմից քննչական մեկուսարան ուղարկված Լյովա Ալբերտի Մարտիրոսյանն անհատ ձեռնարկատեր է 2016 թվականից, շահագործում է ճաշարաններ և բուֆետներ ձեռնարկություններում, շահագործում է հյուրանոցներ և ժամանակավոր բնակության այլ վայրեր, զբաղվում է սննդամթերքի, ծխախոտի և ոչ ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտրով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ Կուզնեցովը Մարտիրոսյանից կաշառք է ստացել իր գործունեության ընթացքում հովանավորչության համար։

Նախօրեին հաղորդվել էր, որ ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, նա կալանավորվել է։ Այս մասին հայտնել էր ՌԴ Քննչական կոմիտեն։

Հետաքննության տվյալներով՝ 2021-2023 թվականներին Կուզնեցովը կաշառք է ստացել առևտրային կառույցների ներկայացուցիչներից «իրենց օգտին որոշակի գործողություններ կատարելու համար»։
Կասկածյալի փաստացի բնակության և հաշվառման վայրերում խուզարկություններ են կատարվել, հայտնաբերվել և առգրավվել են ռուբլով և արտարժույթով ավելի քան 100 մլն ռուբլուն համարժեք գումարներ, ինչպես նաև ոսկի, կոլեկցիոն ժամացույցներ և շքեղ իրեր։

Դատարանը Կուզնեցովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 23-ին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով։ Նա մեղադրվում է մոտ մեկ միլիարդ ռուբլու չափով կաշառք ստանալու համար:

Նմանատիպ նյութեր