211652_close_icon
views-count688 դիտում article-date 14:50 21-05-2024

Արցախցիներն այստեղ են տանտիրոջ իրավունքով, տարբեր լինելու զգացում չպետք է մտցվի․ Սրբազանը՝ արցախցիների հետ հանդիպմանը

Մեր այս շարժման բուն նպատակն իրական խաղաղություն ունենալն է՝ թե մտքի, թե ֆիզիկական, պատերազմի հրահրողն ու հեղինակն իշխանությունն է։

Այս մասին արցախցի պատգամավորների ու կառավարության անդամների հետ հանդիպմանն ասել է Բագրատ Սրբազանը։

«Շատ ուղիղ եմ ասում՝ պատերազմն իրենք են բերել իրենց ապաշնորհ լինելու պատճառով։ Հիմա մենք շատ փխրուն և անպատրաստ ենք ու ստիպված ենք լինում մեր հայրենիքը կտոր-կտոր պատերազմի սպառնալիքի ներքո ուղղակի զիջել։ Թե հետո ինչ կլինի դրա հետևանքով, կարծես, ոչ մեկին չի հետաքրքրում։

Հարցի բարոյական մասը մեզ համար կրկնակի կարևոր է։ Գործընթացը սկսել է ստով ու սուտը սկսել է դեռ 2018 թվականից, գիտենք, թե ստախոսն ով է, ստի արտաբերողն ով է։ Այս ստի մշակույթը պետք է կանգնեցվի։ Սա ավելի կարևոր է, քան իրավական ու մնացած կետերը, սա ստի ու ճշմարտության պայքար է, այլընտրանք չկա, ճշմարտությունը պետք է հաղթի, եթե ուզում ենք կյանքի շարունակականություն ունենալ։

Հրապարակի վրա դրված տեսանյութը դեռևս ոչ ոք չի հերքել, որովհետև մենք ճշմարությամբ խոսել ենք ստի մասին, ամեն օր սպասելու եմ, որ մեկը հերքի, բայց չենք հերքելու։ Այս շարժումը հաշտության մասին է, բայց ոչ ոք չկարծի, որ այդ հաշտությունը ենթադրում է լղոզված հարաբերություններ։

Եթե հաշտության հիմքն արդարությունը կամ արդարադատությունը չէ, այդ հաշտությունն իմաստ չունի։ Մեր երկիրը պետք է մեղսալիցներից, մեղավոր հասարակությունից վերացվի ու դառնա արդարների հասարակություն։

Հետևաբար հաշտության օրակարգը չի ենթադրում «չարդարադատություն»»,- ասաց նա։

Գալով Արցախի հարցին՝ Սրբազանն ասաց․ «Մենք սխալվելու ենք այնքան ժամանակ, ինչքան Արցախի հարցը կառանձնացնենք ընդհանուր համահայկական փաթեթից։ Արցախի հարցը ոչ մի բանով պակաս չէ Ցեղասպանության հարցից ու ավելին՝ Ցեղասպանության հետևանքով առաջացած խնդիր է այն։

Այն չպետք է դառնա Արցախյան պատերազմ, Արցախյան հարց, պետք է դառնա հայրենական ու տարանջատված չլինի, արցախցին ոչ մի բանով տարբեր չէ տավուշեցուց, շեշտադրումը պետք է լինի ոչ թե Արցախը, այլ հայությունը։
Իմ պատկերացմամբ՝ Արցախյան խնդիրը պետությունից պետք է տեղափոխեն մարդուն։ Արցախցիներն այսօր տանն են ու այստեղ են տանտիրոջ իրավունքով, օտար ու տարբեր լինելու զգացում չպետք է մտցվի, մեր ամբողջ ջանքերն ուղղված են լինելու սրանք վերացնելուն»։

Նմանատիպ նյութեր