211652_close_icon
views-count2005 դիտում article-date 16:52 24-05-2024

Սոնա Շահգելդյանը հոգեբանական սթրես է տարել «Հրապարակի» հրապարակումից ու դիմել իրավապահներին

Aravot.am-ի տեղեկություններով՝ երգչուհի Սոնա Շահգելդյանը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ մայիսի 17-ին «Հրապարակի» լրագրողը իրեն առնչվող կեղծ, սուտ ու իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել, այդ կերպ ազդել է իր հեղինակության ու վարկանիշի վրա՝ պատճառելով բարոյական վնաս:

Երգչուհին իրավապահներին հայտնել է, որ մայիսի 17-ին լրագրողն իրեն զանգելով հետաքրքրվել է՝ ինչո՞ւ չի միանում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, իսկ ինքը զբաղված լինելու պատճառով, ընդամենը հայտնել է, թե ուշ կկապվի նրա հետ:

«Հրապարակի» լրագրող Աննա Պապիկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես զանգահարել եմ երգչուհու ինստագրամյան էջով նշած հեռախոսահամարով, պատասխանել է  ինքը, ներկայացել եմ, ասել է՝ լսում եմ: Հարցրել եմ՝ ինչ կարծիք ունեք Բագրատ սրբազանի շարժման վերաբերյալ եւ արդյոք մասնակցում եք ֆիզիկապես, ինքն առանց տառ, բառ լսելու հեռախոսազանգը միանգամից անջատել է: Դրանից րոպեներ անց ինքը ինձ նամակ է գրել, թե կներեք, ես ուշ կպատասխանեմ, հարմար չէ, տատիկիս հետ հիվանդանոցում եմ: Նյութում ես գրել եմ այն, ինչ կատարվել է, միայն չեմ գրել տատիկի մասին հատվածը, որովհետեւ տատիկի առողջականի հետ կապված հարց էր, նպատակահարմար չգտա հրապարակել: Վերջում ես հիշեցրել եմ, որ 2018 թվականի հեղափոխության օրերին ինքը պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին, ինչից իրենք շատ բորբոքվել են»:

Լրագրողի պատմելով՝ նույն օրը երեկոյան նյութի հրապարակումից հետո զանգել է երգչուհու մենեջեր Վարդան Նահապետյանը եւ սպառնացել.

«Սպառնում էր՝ դու պետք է նստես, քրեական հոդված է, դու իրեն գցել ես հոգեբանական մեծ սթրեսի մեջ, ես էլ ասել եմ՝ արեք այն, ինչ ուզում եք, ես իմ լրագրողական գործունեությունն եմ կատարել: Հաջորդ առավոտյան այդ երիտասարդը նույնպես զանգահարել էր, թե ես իրեն սթրեսի մեջ եմ գցել: Ինձ մեղադրում էր, որ այլ լրատվական կայքեր նյութը տարել եւ հղում են արել, բայց ես պատասխանատու չեմ այլ լրատվականների հղումների համար»:

Լրագրողը նկատեց, որ երգչուհին «Հրապարակի» հրապարակումից հետո ինստագրամյան իր էջում գրառում է կատարել նյութի վերաբերյալ, որի տակ նաեւ իր անձը վիրավորող տարբեր մեկնաբանություններ կան: Աննա Պապիկյանը չբացառեց, որ այդ վիրավորանքների մասով ինքը նույնպես դիմի Ոստիկանություն:

Նմանատիպ նյութեր