211652_close_icon
views-count76043 դիտում article-date 10:11 26-05-2024

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. «Opel»-ը Սիլիկյան թաղամասի ճանապարհի կամրջից մի քանի մետր ընկել ու կողաշրջվել է. մայրն ու անչափահաս տղան հիվանդանոցում մահացել են. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Սիլիկյան նոր խճուղի- Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Գրիգոր Ավետիսյանը, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 10 մետրից ավելի կամրջից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է բետոնե պատնեշի մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ավետիսյանը, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Գոհար Մուրադյանը և 15-ամյա Էրիկ Գ.-ն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Աղասի Հարությունյանն ու կրտսեր պարեկ Մկրտիչ Ազիզյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, շտապօգնության բժիշկներն ու քաղաքացիները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վիրավորներից Գ. Մուրադյանն ու Էրիկ Գ.-ն, գիտակցության չգալով, մահացել են։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր