211652_close_icon
views-count107793 դիտում article-date 09:36 28-05-2024

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ «Ford Fusion»-ը բախվել է հողաթմբին և, մոտ 100 մետր շրջվելով, գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 1 զոհ․ 4 վիրավորների մեջ կա անչափահաս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Կարապետյանը իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Տարոնիկ-Ակնալիճ ավտոճանապարհին՝ Տարոնիկի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և, մոտ 100 մ առաջ ընթանալով, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 15-ամյա Լեռնիկ Ա․-ն, 18-ամյա Արամ Խաչատրյանը և 18-ամյա Հայկ Տերտերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Ալեքսան Գեղամյանը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել են հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՀԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Մակարյանը, Վոլոդյա Գաբոյանն ու Արմեն Գրիգորյանը։

ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքաելյանը։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային  քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պարեկները քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել և տեղափոխել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։

Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով , իսկ 2-ը՝ քաղաքացիների կողմից։ Վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, երբ պարեկները մեկնել են այնտեղ որպեսզի նրա սթափությունը պարզեն, բժիշկները հայտնել են, որ նա առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հեռացել է հիվանդանոցից։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր