211652_close_icon
views-count35788 դիտում article-date 13:51 28-05-2024

Մահվան ելքով վրաերթ-փախուստ՝ Արմավիրի մարզում․ Այգեկ գյուղում վրաերթի են ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի․ հետիոտնը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգեկ գյուղում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքաելյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 21։50-ի սահմաններում Այգեկ գյուղի Երևանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Սուրիկ Ավետիսյանին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սուրեն Գրիգորյանն ու Նարեկ Բաբայանը։

Դեպքի վայր է ժամանել նաև նույն գումարտակի 2-րդ դասակի հրամանատար Արա Պողոսյանը։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր