211652_close_icon
views-count63659 դիտում article-date 22:53 28-05-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Զովք» սուպերմարկետի դիմաց «Toyota»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Ստամբոլյանը, իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով, Կոմիտասի պողոտայում՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարազդատ Աթանայանն ու Արսեն Մելքոնյանը։

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր