211652_close_icon
views-count940 դիտում article-date 16:07 02-06-2024

Ինդոնեզիայում ժայթքել է Իբու հրաբուխը, որը 7000 մետր բարձրությամբ մոխրի սյուն է դուրս նետել

Ինդոնեզիայում կիրակի օրը կրկին ժայթքել է Իբու հրաբուխը՝ 7000 մետր բարձրությամբ մոխրի սյուն դուրս նետելով, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Փոխանցում է News.am-ը։

Ինդոնեզիայի երկրաբանական գործակալության ղեկավար Մուհամմադ Վաֆիդը հայտնել է, որ հրաբուխը, որը գտնվում է կղզու Հյուսիսային Մալուկու նահանգի արևելյան մասում, ժայթքել է ավելի քան վեց րոպե։

Ժայթքման պահին քամին փչում էր արևմուտքից, և արդյունքում հրաբխային նյութը քամու միջոցով տեղափոխվել է Գամ Իկի գյուղի մոտ գտնվող դաշտ, որտեղ ավելի վաղ  բնակություն էին հաստատել  տարհանվածները, հայտնել է Աղետների կառավարման ազգային գործակալության ներկայացուցիչ Աբդուլ Մուխարին։ 

Տեղի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել դուրս չգալ փողոց և մնալ տանը, քանի դեռ ավազի հետ խառնված մոխրի անձրևը չի դադարել:

Իբու հրաբուխը շարունակաբար ժայթքում է մայիսի սկզբից: Ինդոնեզիայի իշխանությունները բարձրացրել են վտանգի  մակարդակը ամենաբարձրին՝ անցած շաբաթ տեղի ունեցած մի շարք ժայթքումներից հետո:

Ինդոնեզիան՝ 270 միլիոն բնակչությամբ արշիպելագը, ունի 120 գործող հրաբուխ։ Այն հակված է հրաբխային ակտիվության, քանի որ գտնվում է «Կրակե օղակի»՝ Խաղաղ օվկիանոսի շուրջ պայտաձև մի շարք սեյսմիկ բեկումների երկայնքով:

Նմանատիպ նյութեր