211652_close_icon
views-count1036 դիտում article-date 13:54 04-06-2024

Հանրապետությունում հունիսը ևս տեղումնառատ է լինելու, առանձին հատվածներում սպասվում է կարկուտ․ Սուրենյան

Հանրապետության ամբողջ տարածքում հունիսին տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելին, իսկ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ կլինեն առանձին օրեր, երբ որոշ շրջաններում առատ տեղումներ կգրանցվեն։ 

«Երբ ասում ենք, որ սպասվում են նորմայից ավելի տեղումներ, դա չի նշանակում, որ հանրապետությունում տեղալու են այնպիսի անձրևներ, ինչպիսին եղան մայիսին։ Իհարկե, հանրապետության հյուսիսային շրջաններում առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչը մենք ունեցանք մայիս ամսվա ընթացքում»,-ասաց Գագիկ Սուրենյանը։ 

Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա մասնագետը նշեց, որ հունիսին առանձին օրերին տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում Շիրակում ցերեկվա ժամերին կարող է գրանցվել +28․․․+32, Կոտայքի լեռնային գոտում՝ +27․․․+30, Կոտայքի նախալեռներում՝ +30․․․+33, Գեղարքունիքում՝ +26․․․+29, Լոռիում՝ +28․․․+32, Տավուշում՝ +30․․․+33, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +26․․․+29, Արագածոտնի նախալեռներում՝ +30․․․+34, Արարատում՝ +34․․․+36, Արմավիրում՝ +33․․․+36, Վայոց ձորի լեռներում՝ +25․․․+28, Վայոց ձորի նախալեռներում՝ +33․․․+36, Սյունիքի հովիտներում՝ +34․․․+37, Սյունիքի նախալեռներում՝ +28․․․+31, իսկ Երևանում՝ +34․․․+36 աստիճան։  

Անդրադառնալով առաջիկա օրերին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հունիսի 5-6-ը հանրապետությունում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ից սկսած հանրապետության տարածք կներթափանցի Սև ծովից եկող հերթական ցիկլոնը, որը բավական ակտիվ է լինելու։ Հունիսի 7-ին տեղումներ սպասվում են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում։ Հունիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում արդեն հանրապետության ամբողջ տարածքը կլինի ցիկլոնի ազդեցության գոտում։ Առանձին հատվածներում կլինեն առատ տեղումներ, սպասվում է նաև կարկուտ։

Նմանատիպ նյութեր