211652_close_icon

Մեր երկրում որոշ այլադավաններ ոչ միայն ազատված են հարկերից, այլև Հայ Եկեղեցուն են մեղադրում իբր հարկեր չվճարելու մեջ. Գևորգ Դանիելյան

views-count985 դիտում article-date 20:39 04-06-2024
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այլադավանի հարկ. այս հարկատեսակը տարածված է Եվրոպական երկրներում և վերաբերում է այլադավաններին: Որոշ այլադավանների համար սա անհիմն հարկատեսակ է ընկալվել (ինչո՞ւ պետք է եկեղեցուն հարկ վճարենք, եթե չենք հարում պետական կրոնին), ուստի դիմել են ընդհուպ Եվրոպական դատարան: Բրունոն ընդդեմ Շվեդիայի (Bruno v. Sweden) գործով ՄԻԵԴ-ը միանգամայն իրավաչափ է ճանաչել այդ երկրի կառավարության նախաձեռնությունը՝ հիմնավորելով, որ պետական կրոնի պարագայում եկեղեցին իրականացնում է նաև համընդհանուր, համազգային, ոչ զուտ կրոնական գործունեություն:

Հիմա պարադոքսը՝ մեր երկրում որոշ այլադավաններ ոչ միայն ազատված են հարկերից, այլև Հայ Եկեղեցուն են մեղադրում իբր հարկեր չվճարելու մեջ:

Ի դեպ, իշխանական քարոզչամեքենայի և մեր հակադարձումների շնորհիվ հանրությունը հստակ իրազեկվեց առնվազն երեք հարցում՝

ա) Հայ Եկեղեցին ազատված չէ հարկերից և չնչին տարբերությամբ ունի նույն արտոնությունները, ինչ  ցանկացած այլ կրոնական կազմակերպություն,

բ) Հայ Եկեղեցին չի ակնկալել և չի էլ ակնկալում պետական իշխանությունների կողմից տարիներ շարունակ պատճառված վնասի (բազում վանքեր են ոչնչացվել, բռնագրավվել է գույքը, այդ թվում՝ Մատենադարանի հին ձեռագրերը) փոխհատուցում, ինչը տեղի է ունեցել բոլոր հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Վրաստանում և

գ) թեպետ սրբավայրի նշանակություն ունեցող պատմամշակութային անշարժ գույքի պահպանման պարտականությունը վերապահված է պետական իշխանությանը, այդ աշխատանքները իր սուղ միջոցներով կատարել և կատարում է Հայ Եկեղեցին, ինչի վառ օրինակն է կոնկրետ Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքը: Ի դեպ, Փարիզում հրդեհից հետո հսկայական վնասներ կրած Աստվածամոր տաճարի վերանորոգումն ամբողջովին պետության հոգածության ներքո է:  

Հ.Գ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ միայն Սահմանադրության 18-րդ հոդվածի ուժով, այլև իր ողջ դավանաբանությամբ իրականացնում է ազգային ինքնությունը պահպանելու գերպատասխանատու առաքելություն…

 

Նմանատիպ նյութեր