211652_close_icon
views-count796 դիտում article-date 16:36 21-06-2024

Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ

Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել:

Այս մասին Tert.am-ին ասել է ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը:

«Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք»:

Հիշեցնենք, որ ըստ The Times of Israel-ի Իսրայելի ԱԳՆ-ն կանչել էր Հայաստանի դեսպանին և խիստ նկատողություն հայտնել՝ Պաղեստին պետությունը ճանաչելու մասին ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունից հետո։
Նշենք, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ։

«Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:

Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը», - ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր