211652_close_icon
views-count14434 դիտում article-date 17:54 02-07-2024

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Nissan X-Trail»-ը, «ՎԱԶ 21124»-ը ու «ՎԱԶ 21011»-ը․ կա 7 վիրավոր․ օպերատիվ են գործել Աշտարակի շտապօգնության բժիշկներն ու Արագածոտնի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 53 կմ հատվածում բախվել են «Nissan X-Trail», «ՎԱԶ 21124» ու «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Աշտարակի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+

Նմանատիպ նյութեր