211652_close_icon
views-count928 դիտում article-date 19:48 10-07-2024

«Ցուցումներ մենք չենք կատարում». ՔԿ փոխնախագահը՝ Բագրատ սրբազանի քննադատություններին

Ինչո՞ւ Քննչական կոմիտեն վարույթներ չնախաձեռնեց բռնություններ կիրառած ոստիկանների նկատմամբ եւ միայն քաղաքացիներն են անցնում այդ գործերով: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին Քննչական կոմիտեի փոխնախագահ Արսեն Այվազյանը պատասխանեց.

«Պարզապես տեղյակ եմ, որ կան որոշակի վարույթներ, որոնք նախաձեռնվել են եւ քննություն է իրականացվում, մանրամասներին չեմ կարող անդրադառնալ»: Այվազյանը խոսեց, թե այս տարիներին որքան է զարգացել Քննչական կոմիտեն: Հարցին՝ այնքան եք զարգացել, դրա համա՞ր է զինվորը դեռ նոր մահացած՝ Քննչական կոմիտեն արդեն հաղորդագրություն է տալիս ինքնասպանության կասկածանքով ու այդ հոդվածով գործ է հարուցվում, դա ինչքանո՞վ է բարոյական ու իրավական, երբ որոշ աշխատանքներ չավարտված՝ միանգամից ասում եք, որ ինքնասպանություն է, մանավանդ որ ընտանիքի համար ծանր հոգեբանական վիճակ է լինում՝ Այվազյանը պատասխանեց. «Թույլ տվեք նման հարթակում չիրականացնել իրավական որակումներ: Եթե կլինեն անհատական դեպքեր, կքննարկվեն: Ժողովուրդ ջան, քննիչը այնպես չի, որ ինչ ուզում, անում է, կան վերահսկողական գործառույթներ: Մենք ունենք դատախազական վերահսկողություն, եթե նախաքննական մարմինը որակում է տալիս, դա ֆիլտրվում է: Մենք երբեք հակված չենք եղել այն մտքին, որ իդեալական ենք աշխատում եւ անսխալական ենք, չէ, ժողովուրդ ջան, մենք էլ կարող ենք սխալվել, դուք էլ եք սխալվում: Եթե կա խնդիր, դատախազությունն ունի այդ գործիքը, որ ուղղումներ անի որակումների մասով»: Ինչ վերաբերում է ՔԿ-ին ուղղված քննադատություններին, նա ասաց, որ ՀՀ-ում չկա որեւէ մարմին, որեւէ ԶԼՄ, որի հասցեին քննադատություններ չլինեն: Դիտարկմանը՝ մենք ձեզ ասում ենք՝ խնդիրներ կան, դուք մեզ ասում եք՝ ձեզ է՞լ են քննադատում, դա ի՞նչ ասելու բան է՝ Այվազյանը պատասխանեց. «Չի կարող գործունեություն իրականացնող որեւէ մարմին քննադատության չարժանանա որեւէ մեկի կողմից: Եթե քննադատության չարժանացնեն այդ մարմնին, լրագրողին, քննիչին, դա նշանակում է, որ այդ մարմինը, լրագրողը կամ քննիչը չեն աշխատում: Երբ որ մենք չաշխատենք, քննադատության չենք արժանանա»:

Հարցին՝ Բագրատ սրբազանն ասում է, որ դուք ծառայում եք իշխանությանը եւ իշխանության ցուցումով եք առաջնորդվում՝ ՔԿ փոխնախագահը պատասխանեց, որ նախաքննական մարմինը բոլոր ժամանակներում իրականացրել է իր գործառույթը. «Ցուցումներ մենք չենք կատարում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր