211652_close_icon
views-count34902 դիտում article-date 20:31 10-07-2024

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 5 վիրшվոր․ 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Մուրադյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հասմիկ Հարությունյանն ու Հարություն Վարդանյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ բախման հետևանքով ավտոմեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում և երթևեկությունը դարձել է միակողմանի ու մինչ պարեկների ժամանումը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին և ստեղծել արհեստական խցանում։ Պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Խումար Մկրտումյանը։

Վթարի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր