211652_close_icon
views-count38605 դիտում article-date 14:37 22-07-2024

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի որդու մասնակցությամբ Սևանի ավագանու անդամի սպանությունից և միջադեպից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու մոտ խուլիգանություն կատարելու, 37–ամյա տղամարդու՝ Արսեն Աֆիյանի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արսեն Աֆիյանը, Աբովյան  քաղաքի 42-ամյա բնակիչը, վերջինիս կինը և ևս երկու անձ հաճախել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու ռեստորան, որտեղ ցանկացել են ընթրել։ Մատուցողին պատվեր տալիս հիշյալ հանգստյան գոտում հանգստացող 19–ամյա մի երիտասարդ՝ Լ․ Բ․-ն և 40–ամյա մի տղամարդ՝  Մ․Փ․-ն, դուրս գալով առանձնատնից, պահանջել են բարձր չխոսել։ 37 և 42–ամյա տղամարդիկ, հակադարձելով այդ պահանջներին, հայտնել են, որ իրենք բարձր չեն խոսում։

Նշված չնչին առիթն օգտագործելով՝ Լ․Բ․-ն, Մ․Փ․-ն և  ինքնությունը դեռևս չպարզված տղամարդը, մոտենալով ռեստորանի բացօթյա հատվածին, մուտքի մոտ հանդիպել են իրենց ընդառաջ եկող 37 և 42–ամյա տղամարդկանց։

Իրենց ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հանգստյան գոտում գտնվող այլ հաճախորդների ու աշխատողների ներկայությունը, նրանք փոխադարձ քաշքշուկի և վիճաբանության մեջ են մտել հիշյալ երկու տղամարդկանց հետ։ Այդ ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, գոռգոռացել են, փոխադարձաբար ոտքերով և ձեռքերով հարվածել միմյանց մարմնի տարբեր մասերին:

Տեսնելով, որ 42–ամյա տղամարդը ակոսափող ատրճանակ է հանել, Մ․Փ․-ն նրան գցել է գետնին: Ապա հիշյալ առանձնատնից վերցնելով ապօրինի կերպով պահվող ակոսափող հրազենը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախ այլ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել 42–ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո վերցրել է վերջինիս ակոսափող ատրճանակը և դրել  իր գոտկատեղում։

Այնուհետև Մ․Փ․-ն կրակոց է արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծանր վնաս, որից հետո, Արսեն Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։  Վիճաբանությունը և փոխադարձ ծեծկռտուքը դադարել է ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում։

Վերոհիշյալ գործողությունների հետևանքով խաթարվել է հիշյալ հանգստյան գոտու բնականոն աշխատանքը, հաճախորդների ու աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը՝ նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Մ․Փ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:

19–ամյա Լ․Բ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան` նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է»։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի), քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Սևանի բաժնի՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի, ոստիկանության Գավառի բաժնի՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և Գեղարքունիքի մարզի դատախազության աշխատակիցների՝ դատախազ Գագիկ Այվազյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ պարզել էին հուլիսի 17-ին Սևանի վարչական տարծքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքի մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը։

Ըստ ձեռք բերված ապացույցների (ինչը հիմնավորվել էր հյուրանոցային համալիրում եղած տեսախցիկների արձանագրածով), ժամը 19։50-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 40-ամյա Միսակ Փ․-ն և Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 19-ամյա Լյովա Բ․-ն Վ․ Ա․-ի, Ս․ Ս-ի և Գ․ Ս․-ի հետ գտնվել էին նշված հյուրանոցային համալիրի՝ իրենց կողմից պատվիրված հյուրասենյակում և այդ ժամանակ դրսից լսել էին վիճաբանության և հայհոյանքի ձայներ։ Բոլորը դուրս էին եկել և դիտողություն արել, որից հետո Ա․ Աֆիյանի, Ա․ Ալոյանի, Է․ Աֆյանի և Գ․ Ղազարյանի հետ մտել էին վիճաբանության մեջ, որը վերածվել էր ծեծկռտուքի։ Այդ ամենին մասնակից էին եղել նաև Միսակ Փ․-ի ընկերները։ Այդ ժամանակ Միսակ Փ․-ն ծեծկռտուքի մասնակիցներից Է․ Աֆյանի ձեռքին նկատել էր ատրճանակի նմանվող առարկա և փորձել էր նրանից խլել այն և բռնել էր նրա ձեռքը, որի ընթացքում էլ մեկ կրակոց էր արձակվել հատակի ուղղությամբ։ Այդ ժամանակ նրանց էր մոտեցել նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից Ա․ Ալոյանը, ով նույնպես բռնել էր Է․ Աֆյանի ձեռքից, փորձելով նրանից վերցնել ատրճանակը։ Այդ ժամանակ Միսակ Փ․-ն իր մոտ պահվող ատրճանակով մեկ անգամ կրակել էր Է․ Աֆյանի ուղղությամբ, իսկ առաջացած քաշքշուկի ընթացքում կարողացել էր վերցնել նրա ձեռքի ատրճանակը և ևս մեկ կրակոց արձակել, որի հետևանքով Ա․ Ալոյանին պատճառվել էր հրազենային վնասվածք, իսկ Միսակ Փ․-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոց էր արձակել Ա․ Աֆիյանի ուղղությամբ և կրակոցը դիպել էր վերջինի որովայնին։ Քննիչի որոշմամբ Լյովա Բ․-ն, ով քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան էր և Միսակ Փ․-ն ձերբակալվել և տեղափոխվել էին ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ 

Ձերբակալման պահին «քոթեջ»-ի սեղանի վրա հայտնաբերվել էր «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող ատրճանակ։ Հայտնաբերվել էր նաև ևս մեկ ատրճանակ։

Քննիչի որոշմամբ նշանակվել էր դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր