211652_close_icon
views-count1303 դիտում article-date 23:03 24-07-2024

Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵՄ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հուլիսի 23–ին Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ։ Հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից:

Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասի, Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի, Եվրոպայի պահպանողականների և կոնսերվատիվների քաղաքական խմբի անդամ Չարլի Վայմերսի հետ հանդիպումների ընթացքում Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին   Հայաստանին ու Արցախին առնչվող խնդիրների վերաբերյալ տարիներ շարունակ դրսևորած սկզբունքային դիրքորոշման համար:

Իշխան Սաղաթելյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Հայաստանին ուժի սպառնալիքով միակողմանի զիջումների պարտադրման շարունակական քաղաքականության անընդունելի լինելու հանգամանքը ներկայացնելով տարածաշրջանի համար նման քաղաքականության ապակայունացնող ազդեցությունները:

Հատուկ անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին այդ հարցում կարևորելով Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու անհրաժեշտությունը:

Քննարկվել են Ադրբեջանում կայանալիք COP-29 համաժողովին միջազգային պատվիրակությունների մասնակցությանը վերաբերող հարցեր։

Պատգամավորները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ամբողջական կիրառման անհրաժեշտությանը:

Նմանատիպ նյութեր