211652_close_icon
views-count40792 դիտում article-date 15:07 30-07-2024

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ «Jeep Grand Cherokee»-ն հայտնվել է Նշավան գյուղով հոսող ջրանցքում․ կա 2 վիրավոր․վարորդը եղել է ոչ սթափ․ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Նշված գյուղով հոսող ջրանցքում պարեկները հայտնաբերել են «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենա և տեղում պարզել են, որ 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր  են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերգեյ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Մարտին Հ․-ին, ով վարել է ավտոմեքենան և քննիչի հանձնարարականով ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր