211652_close_icon
views-count120984 դիտում article-date 10:23 31-07-2024

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ «Honda Fit»-ը հայտնվել է ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր․ բոլորը ընտանիքի անդամներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 189 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի 100 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և Սիսիանի փրկարարական ջոկատի պետի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։

Այս պահին փրկարաներն ու պարեկները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ դեպքի վայրում տեղեկություններ են ստացվել, որ ևս 1 հոգի եղել է ավտոմեքենայում։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանությաւն Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը և ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Անտոն Անտոնյանը։

Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, Սիսիանի քննչական բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածները ու վիրավորը ընտանիքի անդամներ են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր