211652_close_icon
views-count1132 դիտում article-date 21:06 01-08-2024

Բայդենը հաստատում է Գերշկովիչի, Կուրմաշևայի, Ուիլանի և Կարա-Մուրզայի վերադարձը

Սպիտակ տունը հաստատում է, որ մի քանի երկրների հետ այսօր փոխանակվող գերիների թվում են լրագրող Էվան Գերշկովիչը, «Ազատություն» ռ/կ լրագրող Ալսու Կուրմաշևան, նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանը և ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան։ Գրում է «Ազատությունը»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ գործարքը, որն ապահովեց նրանց ազատությունը, դիվանագիտական սխրանք էր: Ընդհանուր առմամբ, ըստ ԱՄՆ նախագահի, բանակցել են Ռուսաստանից 16 հոգու ազատ արձակման շուրջ, այդ թվում՝ Գերմանիայի 5 և Ռուսաստանի 7 քաղաքացիների, որոնք իրենց երկրում քաղբանտարկյալներ են եղել։

«Այս կանանց և տղամարդկանց մի մասը տարիներ շարունակ անարդարացիորեն բանտարկված է։ Նրանք բոլորն էլ կրել են աներևակայելի տառապանքներ և անորոշություն: Այսօր նրանց տառապանքն ավարտվել է», - ասել է Բայդենը՝ շեշտելով, որ կշարունակի աշխատել, որ ամբողջ աշխարհում անօրինական կերպով կալանավորված կամ պատանդ պահված յուրաքանչյուր ամերիկացի վերամիավորվի իր ընտանիքի հետ:

Փոլ Ուիլանը, Էվան Գերշկովիչը և Ալսու Կուրմաշևան այժմ Ռուսաստանից վերադառնում են ԱՄՆ, իր հերթին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա շնորհակալություն է հայտնել այս գործարքին օգնած կողմերին, մասնավորապես՝ Գերմանիային, Լեհաստանին, Նորվեգիային և Սլովենիային, ինչպես նաև Թուրքիային, որ «տարածք է տրամադրել այդ անձանց ԱՄՆ և Գերմանիա անվտանգ վերադարձի համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) իրականացրել է նորագույն պատմության մեջ պատանդների ամենամեծ փոխանակման օպերացիան։ Գրում է Unian-ը 

Գործողությունը ներառում էր ընդհանուր առմամբ 26 անձանց փոխադարձ փոխանակում, որոնք գտնվում էին  7 տարբեր երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Սլովենիա, Նորվեգիա, Ռուսաստան և Բելառուս) բանտերում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Գործողության շրջանակում փոխանակվել են՝ ընդհանուր 7 ինքնաթիռներով Թուրքիա տեղափոխված անձինք՝ 2-ական ԱՄՆ-ից և 1-ական Գերմանիայից, Լեհաստանից, Սլովենիայից, Նորվեգիայից և Ռուսաստանից։ 10 պատանդ է տեղափոխվել Ռուսաստան, 13 պատանդ՝ Գերմանիա, 3 պատանդ՝ ԱՄՆ։

Նմանատիպ նյութեր