211652_close_icon
views-count67056 դիտում article-date 17:23 09-08-2024

Փաստաբանը կարծում է՝ ծանոթանալով քրեական վարույթի նյութերին՝ հստակ է՝ «Չաղ Ռուստամը» կապ չունի քրեական հեղինակություն «Ֆազ»-ի սպանության հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գեղամ Հակոբյանը որոշ մանրամասներ հայտնեց հունիսի 11-ին Երևանում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետևանքով սպանված քրեական հեղինակություն «Ֆազ» մականվամբ, Երևանի բնակիչ 44-ամյա Սերգեյ Գրիգորյանի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Հակոբյանը նշված սպանության կասկածանքով կալանավորված «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի շահերի պաշտպանն է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում փաստաբանը պնդում է, որ նախաձեռնված քրեական վարույթի նյութերին ծանոթանալով հերքվում է Ռ. Ստեփանյանի մասնակցությունը՝ նշված սպանությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 11-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շինարարների փողոցում հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։

Կրակոցների հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 2 հոգի։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետի առաջին տեղակալ Վարդան Վարդանյանը։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը և նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանը։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել նաև Երևան քաղաքի դատախազի տեղակալ Արսեն Վարդանյանը, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Ժորա Թովմասյանը և դատախազի տեղակալ Էդիկ Հովհաննիսյանը։

Ժամանել էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի,վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել էին ու երթևեկությունը նրանց կողմից դադարեցվել էր։  

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջն արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել էր նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, «Opel»-ն էլ բախվել էր «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել էր մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Էդգար Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարեվոր գործերով ավագ  քննիչ Պոդոսյանի գլխավորությամբ։

Տեղում էին նաև մի քանի փորձաքրեագետներ։

Մինչ դեպքի վայրում իրավապահները աշխատում էին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ, 44-ամյա Սերգեյ Գրիգորյան էր, ով Չերեմուշկայում հայտնի քրեական հեղինակություն «Ֆազն» է, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 36-ամյա Բորիս Սիմոնյանն էր։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր