211652_close_icon
views-count868 դիտում article-date 18:04 28-08-2024

ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրության ռազմավարության նախագիծը

Ժողովրդագրության ռազմավարության մշակման աշխատանքները սկսվել են դեռեւս 2 տարի առաջ: Հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը, նաեւ վերջին շրջանի ժողովրդագրական ցուցանիշները՝ նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտություն էր առաջացել: Նախկին ռազմավարությունն ընդունվել էր 2009-2010 թվականներին եւ չէր արտացոլում առկա իրավիճակը: Այս մասին նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ: Հանձնաժողովի նախաձեռնած քննարկումների առանցքում Հայաստանի ժողովրդագրության ռազմավարության նախագիծն էր:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն այս աշխատանքներն իրականացնելու համար առաջարկել է ձեւավորել խորհրդատվական խումբ: Ընտրվել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը, աշխատանքային թիմում ընդգրկվել են տեղական եւ միջազգային լավագույն փորձագետներն ու ժողովրդագրագետները: Փաստաթուղթը քննարկվել է միջազգային հեղինակավոր կառույցներում, առաջարկների ու քննադատությունների հիման վրա որոշակի վերանայումներ են արվել, նոր ռազմավարական լուծումներ են առաջարկվել:

Ռազմավարության տեսլականը բնակչության հավասարակշռված եւ կայուն կառուցվածքն է՝ միտված բնակչության երկարաժամկետ մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը:

Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է այս տեսլականից բխող ռազմավարական նպատակները: Ռազմավարական առաջին նպատակը վերաբերում է ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստելու է մարդկային կապիտալի զարգացմանը: Հաջորդ նպատակներն առնչվում են մահվան ռիսկի գործոնների նվազեցմանը եւ առողջ միջավայրի խթանմանը, ակտիվ, առողջ եւ արժանապատիվ ծերության պայմանների ապահովմանը, արտագաղթի հանգեցնող դրդապատճառների նվազեցմանը եւ բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձեւավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովմանը:

Ըստ փոխնախարարի՝ ռազմավարությունը տվյալահեն է, ուսումնասիրությունների հիմքում դրվել են փաստեր, ինտուիտիվ եզրահանգումներ չկան: Տվյալների հավաքագրումն իրականացվել է 1897 թվականից՝ Հայաստանում որեւէ ձեւով հավաքագրված ժողովրդագրական ցուցանիշների վերլուծությամբ: Մոտ 125 տարվա թվային պատկերի վերլուծություն է իրականացվել:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի գնահատմամբ էլ նախագիծը մշակելիս հաշվի են առնվել արտաքին եւ ներքին մի շարք մարտահրավերներ, որոնց բախվել է մեր երկիրը: Նրա գնահատմամբ ռազմավարության նպատակն է սահմանել պետության առաջնահերթություններն այն առումով, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն բնակչության թվի ավելացման, այլ նաեւ կառուցվածքի, որակի փոփոխության համար: Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է՝ այս ռազմավարության հիմքում մարդկային կապիտալի զարգացումն է, ռազմավարության հիմքում դրված հիմնասյուները միտված են ընտանիքի բարեկեցությանը, առողջության խթանմանը, ակտիվ ծերությանը եւ միգրացիոն հոսքերի կառավարմանը: Ռազմավարությունից բխող մոտ 120 գործողություններն ու միջոցառումներն ուղղված են 4 հիմնական նպատակի իրականացման ապահովմանը:

«Անհրաժեշտ է հավասարակշռված եւ որակյալ կառուցվածքով հասարակություն: Անհրաժեշտ է, որ ավագ սերնդի ներկայացուցիչները եւս ներգրավված լինեն, ու այդ բաղադրիչը կոչվում է ակտիվ ծերություն: Պետք է միջոցներ ձեռնարկվեն ե՛ւ ծնելիության խթանման, ե՛ւ մահացության թվի նվազման ուղղությամբ, ներդրումներ արվեն մարդկային կապիտալի զարգացման հարցում՝ ինքնաբավ հասարակություն ունենալու համար»,- նշել է հանձնաժողովի նախագահն ու հավելել, որ նախագիծը տեւական ժամանակ քննարկվել է տարբեր գերատեսչություններում, հանձնաժողովը եւս քննարկումներին ներգրավված է եղել:

Հերիքնազ Տիգրանյանն ընդգծել է, որ փաստաթուղթը հաստատվելու է Կառավարության որոշմամբ, եւ ռազմավարությունից բխող իրավական դաշտի կարգավորման հետ կապված մի շարք նախագծեր հետագայում կդառնան խորհրդարանի քննարկման առարկան: Մինչ փաստաթուղթը գործադիրի հաստատմանը հանձնելը, պատգամավորները կարող են առաջարկներ ներկայացնել:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը վստահեցրել է, որ փաստաթղթի մշակման շրջանակում հաշվի է առվել միջազգային լավագույն փորձը:

Այնուհետեւ «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը մանրամասն ներկայացրել է ռազմավարության բովանդակությունը, ոլորտում ներկա իրավիճակի նկարագիրը, արդյունքները, հիմնական ազդեցությունները, ֆինանսական շրջանակը, ռազմավարական ծրագրերն ու միջոցառումները: Մոտավորապես 700 առաջարկ է ներկայացվել:

Զեկուցողն անդրադարձել է մեր հանրության շրջանում որոշ կարծրատիպերի հաղթահարման կարեւորությանը, ժողովրդագրական ցուցանիշների համաշխարհային միտումներին:

Մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են առաջարկներ ու դիտարկումներ ռազմավարության դրույթների շուրջ:

Նմանատիպ նյութեր