211652_close_icon
views-count595 դիտում article-date 18:40 03-09-2024

Քննարկվել են դպրոցների կառավարմանը և ուսուցիչների ատեստավորման գործընթացին վերաբերող փոփոխությունները

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունները վերաբերում են դպրոցների կառավարմանը եւ ուսուցիչների ատեստավորման գործընթացին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով 2021 թվականից փորձարկվել եւ իրականացվել է կամավոր ատեստավորման գործընթացը: Այս տարի մեկնարկելով հերթական ատեստավորման գործընթացի բարեփոխման աշխատանքները՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակեցնել մասնավորապես ատեստավորման արդյունքով ուսուցչի հետ հետագա աշխատանքային գործունեության կազմակերպման հարցերը:

Նախաձեռնությամբ հստակեցվում է, որ ուսուցչի ատեստավորումը համարժեք է գործատուի կողմից աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանության գնահատմանը:

Գործադիրը խմբագրել է ուսուցիչների ատեստավորման դրույթներին վերաբերող հոդվածը՝ նպատակ ունենալով հստակեցնել հերթական եւ կամավոր ատեստավորման գործընթացների տարբերակումը:

«Նման հստակեցումները կօգնեն, որ մենք թե՛ ուսուցիչների համար կանխատեսելի ու տեսանելի եւ թե՛ օրենքի կիրարկման տեսանկյունից ավելի հստակ քաղաքականություն վարենք»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ առավել հստակեցվել են նաեւ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատմանը վերաբերող դրույթները: «Եթե ուսուցիչը գնահատվել է եւ ակնհայտ է, որ նա ունի առարկայական գիտելիքի խնդիր, ապա վերջինիս համար պարտադիր է դառնալու կամավոր ատեստավորման եղանակով կամ այլ կերպ ասած՝ առարկայական գիտելիքի ստուգման եղանակով ատեստավորման անցկացումը»,- նշել է գերատեսչության ղեկավարը:

Նախարարը կարեւորել է ոլորտում նոր չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված ուսուցչի աշխատաժամանակի փոփոխություններին առնչվող հստակեցումները:

Դպրոցների կառավարման մասով նախագծով սահմանվում է մենթոր դպրոց հասկացությունը: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ այսօր էլ համակարգում կան դպրոցներ, որոնք առանձնանում են իրենց կարողությունների բարձր մակարդակով եւ աջակցում այլ դպրոցների՝ հանդիսանալով նաեւ վերապատրաստումների եւ խորհրդատվությունների կենտրոն:

Տնօրենների եւ համակարգողների մասով էլ ամրագրվել է քաղաքական զսպվածության անհրաժեշտությունը, այն է՝ տնօրենը եւ համակարգողն իրենց պաշտոնավարման ընթացքում պարտավոր են դրսեւորել քաղաքական զսպվածություն, իրենց պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար:

Նշվել է, որ կառավարման մասով հստակեցվել են հավաստագրման հետ կապված դրույթները: Նախատեսվել է տնօրենների գործուղման հնարավորություն:

Նախաձեռնությամբ կատարվել են նաեւ մի շարք խմբագրական փոփոխություններ:

Ժաննա Անդրեասյանը պատասխանել է ոլորտում փոփոխությունների իրականացմանն առնչվող պատգամավորների հարցերին:

Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայանի խոսքով նախաձեռնության անհրաժեշտությունը բխում է նաեւ ՀՀ կառավարության ծրագրից, ինչպես նաեւ 2020-2050 թվականների Հայաստանի վերափոխման ռազմավարությունից:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

Նմանատիպ նյութեր