211652_close_icon
views-count634 դիտում article-date 17:05 04-09-2024

Գործարկվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության կայքը

Գործարկվել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պաշտոնական նոր կայքը՝ rescue.mia.gov.am-ը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Նշվում է, որ այն Հայաստանում առաջին պետական կայքն է, որի տեղեկատվությունը գտնվում է ամպային տիրույթում: Կայքի ստեղծման հիմքում հաշվետվողականության և թափանցիկության ապահովումն ու հանրության հետ արդյունավետ հետադարձ կապի ստեղծումն է։ Ժամանակակից մոտեցումներով եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, արագագործ է և ծավալուն՝ ընդլայնման հնարավորությամբ:

«Փրկարար ծառայության կայքի ստեղծման հիմքում տեղեկատվության հասանելիության սկզբունքն է. տեղեկատվության խմբավորումն իրականացվել է ըստ առաջնահերթությունների: Արդյունքում կայքը դարձել է պարզ ու մատչելի, պահպանվել է ժամանակակից աշխարհում ընդունված երեք քլիքի սկզբունքը, ինչը ենթադրում է, որ այցելուն մուտք գործելով՝ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող է գտնել առավելագույնը երեք քլիքի օգնությամբ:

Կարևոր նորամուծություն է ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրումը, որի շնորհիվ կայքը հասանելի է նաև հաշմանդամություն ունեցող անձանց։
Տեխնիկական լուծումների շնորհիվ կայքը հնարավոր է հասանելի դարձնել որոնման տարբեր համակարգերով, տարբեր երկրներից, ինչպես նաև հնարավորինս հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։

rescue.mia.gov.am-ն իր պարզությամբ և արագությամբ համահունչ է Փրկարար ծառայության օպերատիվ գործառույթներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր