211652_close_icon
views-count787 դիտում article-date 18:57 16-09-2024

ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի հովանավորներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմին ֆինանսական աջակցություն ցուցաբերած բոստոնահայ քույր ու եղբայր Մարի և Սարգիս Աղասարգսյաներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ֆիլմի նկարահանմանն աջակցելու համար՝ կարևորելով հետագա համագործակցության կայացումը նաև մշակույթի տարբեր ոլորտներում:

«Անցյալ տարի ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման» 2023-2027 թվականների ռազմավարությունը, որի հիմքում ընկած են ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը: Մեր նպատակն է մշակութային միջոցառումներն ու իրադարձությունները, որոնք անցկացվում են հիմնականում Երևանում, տեղափոխել նաև մարզեր: Արդեն իսկ նախաձեռնել ենք մի քանի փառատոներ, որոնք տեղի են ունեցել մարզերում: Այսկերպ մենք փորձում ենք ակտիվացնել մարզերի և համայնքների մշակութային կյանքը, խթանել տնտեսության և զբոսաշրջության զարգացումը: Ուրախ կլինենք համագործակցել, ինչպես նաև իրականացնել համատեղ միջազգային միջոցառումներ, որոնք կարող են լավ հարթակներ դառնալ մեր երկրի համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակում մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերը նախանշվել են համագործակցության նոր հնարավորություններ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ընթացիկ այլ հարցերի և համատեղ ծրագրերի:

Սեպտեմբերի 11-ին Կինոյի տանը կայացել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:

Ֆիլմը նկարահանել է «Քաղաքակրթական կամուրջներ» կրթամշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ֆիլմի մտահղացման հեղինակ և ռեժիսոր` Վիվյեն Բաստաջյան, սցենարի հեղինակներ` Աստղիկ Սիմոնյան և Վիվյեն Բաստաջյան, բեմադրող օպերատոր` Վահագն Տեր-Հակոբյան, կոմպոզիտոր` Արա Թորոսյան, նկարիչ` Մադլեն Խաչատրյան, ֆիլմի խորհրդատու` Դավիթ Մուրադյան: Գլխավոր դերակատարներ` Վիվյեն Բաստաջյան, Արամ Կարախանյան, Դանիել Գեղամյան:

«Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմը գեղարվեստական բացահայտում է Փարաջանով մարդու և արվեստագետի մասին, ինչպես նաև գեղարվեստական վարկած, թե ինչով է Փարաջանովը համամարդկային: Այն մի ճանապարհորդություն է կինոմոգի աշխարհում, որը սովորեցնում է ապրել, ստեղծագործել և սիրել, եզակի է իր ժանրային և ռեժիսորական լուծումներով:

Նմանատիպ նյութեր