211652_close_icon
views-count721 դիտում article-date 10:48 20-09-2024

Եկեղեցին ստեղծում է հնարավորություն, որ քաղաքական-հանրային դաշտը դուրս գա շոկից, ձևավորվեն երկիրը դեպի ապագա տանող վերնախավեր․ Վահե Հովհաննիսյան

Պարտության ճգնաժամը և աշխարհիկ էլիտաների անճարակությունն այլ ընտրություն չէին թողել. կա´մ պետք է լիներ Գեներալ՝ ամուր ձեռք (պարզվեց՝ այդպիսին չունենք), կամ՝ հոգևորական, մարդկային արժեքներ քարոզող, մարդուն մարդկայնությունը վերադարձնող անհատ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Հայ առաքելական եկեղեցին՝ ի դեմս իր արքեպիսկոպոսական դասի, իր ամենատարբեր աստիճանակարգերում ծառայող հոգևորականների (Վեհափառի առաջնորդությամբ), պատմական առաքելություն են կատարում, որը թե´ հայոց պատմության, թե´ Հայաստանի պատմության առաջիկա հատորներում ոսկե տառերով է գրվելու։
Իշխանությունը մեղադրում է, թե՝ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը։ Ընդդիմադիր քաղաքական դաշտն ասում է՝ թող խառնվի, սրանց քշի, հետո իշխանությունը մեզ տա, քանի որ եկեղեցին չի կարող երկրի կառավարում իրականացնել։ Բոլոր հարցումներով ամենամեծ վստահություն վայելող հանրային ինստիտուտը եկեղեցին է, և այսօր այն տեսնում է, որ իր հոտը՝ հասարակությունը, ժողովուրդը, մեծ հաշվով անտեր է մնացել։ Ու սա է հենց «ինչո՞ւ եկեղեցին» հարցի պատասխանը։

Եկեղեցին այսօր չի զբաղվում քաղաքականությամբ այն պարզ պատճառով, որ Հայաստանում քաղաքականություն չկա, և մյուս կողմից՝ եկեղեցին չի պատրաստվում ու չի կարող իշխանության ճյուղի վերածվել։ Եկեղեցին անում է շատ պարզ բան՝ բառիս բուն իմաստով «ատամներով» փորձում է կասեցնել հասարակության և պետության փլուզումը։

Եկեղեցին ստեղծում է հնարավորություն, որ քաղաքական-հանրային դաշտը դուրս գա շոկից, ձևավորվեն երկիրը դեպի ապագա տանող առաջնորդներ ու վերնախավեր։

Հայաստանն արդեն իսկ վերածվել է փախստականների՝ 2.5-3 միլիոնանոց մի մեծ ճամբարի՝ շատ անորոշ հեռանկարով։ Հիմա մի կարմիր սահմանի վրա ենք. ո՞ր ուղղությամբ ենք շարժելու պատմության անիվը. փլվում ենք մինչև վե՞րջ, կորցնելով պետությունը, թե՞ այնուհանդերձ հավաքական-տիտանական ջանքերով պահում ենք մեր պետությունը, ինքնությունը։ Եկեղեցին հիմա այս պատմական խնդիրն է փորձում լուծել։

Իսկ քաղաքական և հանրային նոր վերնախավերի խնդիրն է` Հայաստանի հետպատերազմական զարգացման իրական ծրագիր և իրական բովանդակություն ձևակերպելը։ Քանի դա չի արվել, ՄԵԿ հոգին իրեն բարոյական իրավունք է վերապահելու` անելու ինչ ուզում է։

Եվ վերջապես. որպեսզի մենք ճիշտ պատասխանենք «ինչո՞ւ եկեղեցին, ինչո՞ւ Սրբազանները» բարդ հարցին, պետք է խիզախություն ունենանք ինքներս մեզ հարց տալու, թե ինչո´ւ մենք չունեցանք ո´չ Բեն Գուրիոն, ոչ էլ՝ Իվանիշվիլի։ Մենք այս հարցին պետք է ազնվորեն պատասխանենք», - գրել է նա։

Նմանատիպ նյութեր