211652_close_icon
views-count1561 դիտում article-date 12:38 28-09-2024

Քրիստինա Քվինն իր երախտագիտությունն է հայտնել ՆԳՆ-ին առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար, տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչեր կարող են անել մեր երկրները, երբ համատեղում են ջանքերը հանուն մեր քաղաքացիների բարօրության և անվտանգության:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 4-ին Աշտարակի խճուղում գործող «SAN MARCO» լողավազանի մոտից առևանգված կնոջ ամուսինը երախտիքի խոսքեր էր հղել իր կնոջը փրկած ՀՀ իրավապահ մարմիններին և կիսվել իր ապրումներով.

«Էմոցիաները խեղդում են ինձ: Երբեք չէի պատկերացնի, որ կհայտնվեմ մի իրավիճակում, երբ լիակատար հուսահատությունը կարճ ժամանակ անց կփոխակերպվի կատարյալ երջանկության: 

Սեպտեմբերի սկզբին կնոջս առևանգմամբ մեր ընտանիքի համար սկսվեցին մղձավանջային օրեր՝ լի հուսահատությամբ և անորոշություններով:

Անքուն գիշերները, տանջալից պահերը և մեկը մյուսից վատ մտքերը ինձ և հարազատներիս հասցնում էին հուսահատության եզրին:

Չնայած սկզբնական շրջանում հուսահատությունս խորն էր, բայց Հայաստանի իրավապահ մարմինների հետ ակտիվորեն համագործակցելուց հետո անթափանց խավարում լույսի նշույլ հայտնվեց: Այդ վիճակը շարունակվեց մի քանի օր և հանկարծ, լիովին անսպասելի, ի պատիվ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, ովքեր ցուցաբերեցին գերպրոֆեսիոնալ աշխատանք և բացառիկ սրտացավություն, հաջողվեց դուրս գալ հանցագործների հետքի վրա:

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժինը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքը, ՀՀ Քննչական կոմիտեն, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունն ու ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օրուգիշեր աշխատելով և իրենց կյանքը վտանգելով, կարողացան շատ սեղմ ժամկետում կատարել անհավատալին՝ կնոջս ողջ-առողջ վերադարձնել իր ընտանիք:

Խոսքերն ի զորու չեն նկարագրել մեր երջանկությունը, մենք ուղղակի չէինք հավատում, որ տեղի ունեցողն իրականություն է: 

Այս ամենի, ինչպես նաև քրտնաջան աշխատանքի և սրտացավության համար իմ պարտքն եմ համարում խորին երախտագիտությունս հայտնել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության, մասնավորապես, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաչության, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և իրավապահ մյուս մարմինների աշխատակիցներին՝ բարձր պրոֆեսիոնալիզմի և կնոջս առևանգած հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ ներդրված հսկայական ջանքերի համար:

Ձեր վաստակն անուրանալի է:

Երախտապարտ եմ Ձեզ, եղբայրներ: Մաղթում եմ անփորձանք ծառայություն: Աստված Ձեզ պահապան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 12-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները միջնորդություն էին ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ օրեր առաջ Երևանում տեղի ունեցած՝ կնոջ աղմկահարույց առևանգման կազմակերպիչի և կատարողների նկատմամբ։

Դատավոր Արթուր Գաբրիելյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո գնացել էր խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալով խորհրդակցական սենյակից բավարարել էր միջնորդությունը և կազմակերպիչ՝ Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Իսրայելյանը, Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա Արկադի Պապյանը, Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մուրադյանն ու Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Արծրուն Օհանյանը կալանավորվել էին և դատարանից ձեռնաշղթայված տեղափոխվել էին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կազմակերպիչ Վ․ Իսրայելյանը արդեն ծաղրի առարկա էր դարձել հանցագործ աշխարհում, երբ իմացել են, որ ինքը, լինելով կազմակերպիչ, անընդհատ բողոքել է, ասելով․ «Էս ո՞ւր են նայում ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունն ու քննչական կոմիտեն, որ օրը ցերեկով մարդուն գան «կակեբեի» շորերով հագնված տանեն ու դրանք կարենան հանցագործությունը բացահայտեն։ Էս ինչ երկիր ա։ Բա հետո ասում են ասեղ էլ ըլնի դեզի մեջ կգտնենք»։ Հիմա քրեակատարողական հիմնարկում մեծ սիրով սպասում են կազմակերպիչին, որպեսզի հարցնեն՝ «եղբայր, հիմա դու գողակա՞ն ես, թե՞ ջութակ նվագող։ Դու կազմակերպել ես ու էն մարդու նկատմամբ ես ոտնձգություն արել, ով Ամերիկայում քեզ աղայի պես պահել ա ու էդքանից հետո զանգում ես լրագրողներին ու ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, քննչականին մեղադրում անգործության մեջ։ Հիմա տեսար, ով ում թարս մատ արեց»։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր