211652_close_icon
views-count1321 դիտում article-date 21:51 05-10-2024

Վրաստանի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական նստավայրում քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն՝ նշելով, որ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հանդիպել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Անա Դոլիձեի հետ։
Լլրագրողներին հանդիպումից հետո Դոլիձեն ասել է, որ այժմ ներքաղաքական կարևոր գործընթացներ են սկսվում, և նախագահի մասնակցությունն անհրաժեշտ է։

«Նախագահը նոր է վերադարձել Արևմուտքից, հանդիպել է իր գործընկերների հետ, և բնականաբար, հիմա շատ կարևոր ներքաղաքական գործընթացներ են սկսվում։ Նախագահի միջնորդությամբ կսկսվեն նաև քաղաքական խորհրդակցությունները քաղաքական կուսակցությունների միջև։ Մենք խոսում ենք այն մասին, թե ինչ ուրվագծեր պետք է ունենա այս գործընթացը, և դրա համար անհրաժեշտ է նախագահի մասնակցությունը։ Սա մի գործընթաց է, որտեղ հիմնական դերը խաղում են քաղաքական կուսակցությունները։ Ընտրություններին մի քանի շաբաթ է մնացել, և մենք պետք է պատրաստվենք անցումային շրջանին։ Մենք պետք է օգտագործենք այս ժամանակը, որպեսզի չհայտնվենք սև խոռոչում: Ովքե՞ր են լինելու այս գործընթացներում, ինչ դերակատարում են ունենալու նախագահը և ինչ դեր են խաղալու քաղաքական կուսակցությունները, սա նախապատրաստություն է պահանջում։

Ինչ վերաբերում է արևմտյան գործընկերներին, ապա նրանք մեծ ուշադրություն են դարձնում Վրաստանում խաղաղ, արդար, ժողովրդավարական և անցումային ընտրություններին։ Նախագահի խոսքով՝ մեր գործընկերները մեր կողքին են, և մենք ունենք նրանց քաղաքական և նյութական աջակցությունը։ Նախագահը որոշակի կամուրջ է մեր և մեր արևմտյան գործընկերների միջև ներքաղաքական գործընթացների շրջանակներում։ Վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուների մասին խոսք չի եղել, և ես ճիշտ չեմ համարում, քանի որ չի կարելի նախընտրական արշավից ուշադրությունը տեղափոխել կոնկրետ անձանց վրա»,- հայտնել է Դոլիձեն։

Անա Դոլիձեից հետո Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Նաթիա Մեզվրիշվիլիին։ Նախագահը հանդիպում կունենա նաև «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցչի հետ։

Նմանատիպ նյութեր