211652_close_icon
views-count1363 դիտում article-date 21:28 14-10-2024

Հայ 7-ամյա դաշնակահարուհին արժանացել է Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթի առաջին բացարձակ մրցանակի

Իտալիայի Բարի գավառի Ակվավիվա դելե Ֆոնտի քաղաքում կայացել է երիտասարդ երաժիշտների Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթը։ Առաջին անգամ մրցույթն այս տարի ունեցել է նաև մասնակից Հայաստանից՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 2-րդ դասարանի սան Անի Մելիքյանը։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 7-ամյա հայուհին արժանացել է երիտասարդ դաշնակահարների անվանակարգի առաջին բացարձակ մրցանակի։ Հաղթանակի առթիվ Անիին շնորհավորել է Բարիում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը։
 
«Բարիում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը ուրախ է կիսել Երևանից ժամանած Մելիքյան ընտանիքի, մասնավորապես՝ փոքրիկ Անիի ուրախությունը, ով Ակվավիվա դելե Ֆոնտի քաղաքում կայացած Colafemmina Piano 8-րդ մրցույթում արժանացել է երիտասարդ դաշնակահարների անվանակարգի առաջին բացարձակ մրցանակի»,- պատվավոր հյուպատոս Դարիո Ռուբեն Թիմուրյանի շնորհավորանքն է հրապարակվել հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի էջում:
 
Անիին շնորհավորել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Իրինա Գրիգորյանը։
 
«Արդեն երրորդ տարին է, ինչ պարապում եմ Անի Մելիքյանի հետ, և նա հենց առաջին դասերից դրսևորել է իրեն որպես շատ երաժշտական ​​և նպատակասլաց անձնավորություն։ Անին տարբեր միջազգային մրցույթներում գրավել է ամենաբարձր տեղեր և հիացմունք առաջացրել պրոֆեսիոնալ երաժիշտների մոտ։ Սրտանց շնորհավորում եմ Անիին և մաղթում նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ և հաղթանակներ», - ասել է Իրինա Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր