211652_close_icon
views-count37897 դիտում article-date 19:44 17-10-2024

Կրակոցներ՝ Արարատի մարզում․ ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նախ կանխվել է սպանությունը, ապա վնասազերծել են կրակողին

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ գյուղի Սահմանապահների փողոցի 40 տան մոտ կռիվ է, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Ոստիկանները տեղում պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 58-ամյա Գևորգ Թ․-ն իրենց տանը կից հողամասում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գրիգոր Մ․-ի հետ, որի ժամանակ վերջինս ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գևորգ Թ․-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո Գրիգոր Մ․-ն հեռացել է, իսկ Գևորգ Թ․-ն տնից վերցրել է եղբոր կնոջ՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Պ․-ի անվամբ գրանցված «ԻԺ-58 ՄԱ» երկփողանի 16մմ տ/չ հրացանը և 2 անգամ հողամասում կրակել օդ։

Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ Գևորգ Թ․-ն իրենց տնից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ներկայացվել է Վեդիի քննչական բաժին։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր