211652_close_icon
views-count817 դիտում article-date 17:23 20-11-2024

Նպատակ ունենք երկրի տնտեսության և հանրային կյանքի համար նշանակալից ազդեցություն ունեցող ոլորտի գործունեությունն ու տվյալները դարձնել հանրային ճանաչելի և հասանելի. փոխվարչապետ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ազգային 5-րդ զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին:Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային քարտուղարության, ինպես նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես կարևորել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետ և թափանցիկ կառավարումը.«Մեր ամենամյա հավաքները նպատակ ունեն երկրի տնտեսության և հանրային կյանքի համար նշանակալից ազդեցություն ունեցող ոլորտի գործունեությունն ու տվյալները դարձնել հանրային ճանաչելի, հասանելի, թափանցիկ և հաշվետու»,-նշել է փոխվարչապետը:

Իր ելույթում Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև ԱՃԹՆ միջազգային խորհրդի կողմից հաստատված Ստանդարտի պահանջների ներդրման առաջընթացը գնահատող 2-րդ Վավերացման արդյունքներին. «Հայաստանը ստացել է մասնակից երկրների մեջ առայժմ ամենաբարձր ամփոփ գնահատականը: Մեր գործընկերների գնահատմամբ՝ Հայաստանը առաջատար է շահառու սեփականության թափանցիկության ոլորտում և իր այդ հաջողությամբ բարձր նշաձող է սահմանում ԱՃԹՆ-ն իրականացնող մյուս երկրների համար»:

Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետը վերահաստատել է Կառավարության և բազմաշահառու խմբի հանձնառությունը՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի շարունակաբար բարձրացվող պահանջները բավարարելու և ոլորտի լավ կառավարման գործելաոճը ամրապնդելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանելու գործում։

Նմանատիպ նյութեր