211652_close_icon
views-count1144 դիտում article-date 18:31 28-11-2024

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ բանաձևին

Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունել են բանաձև, որով կոչ է արվում մեծացնել հեռահար հրթիռների և մարտական ​​ինքնաթիռների մատակարարումները Կիևին, ինչպես նաև ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 390 խորհրդարանական, դեմ է արտահայտվել 135 պատգամավոր, 52-ը ձեռնպահ է մնացել։

«Եվրախորհրդարանը ԵՄ-ին և նրա անդամ պետություններին կոչ է անում հետագայում մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունը, այդ թվում՝ ինքնաթիռների, մեծ հեռահարության հրթիռների, այդ թվում՝ Taurus-ի, հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի, ներառյալ Patriot-ի և SAMP-T-ի, զինամթերքի մատակարարումները, ինչպես նաև ընդլայնել ուկրաինական ուժերի պատրաստման ծրագրերը», - նշվում է փաստաթղթում։

Բացի այդ, խորհրդարանականները կոչ են արել եվրոպական մայրաքաղաքներին հետևել ԱՄՆ-ի օրինակին և վերացնել Ուկրաինայի համար զենքի օգտագործման բոլոր սահմանափակումները։ 

Նույն բանաձևում Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ երկրներին ձգտել հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 15-րդ փաթեթի ընդունմանը, ընդլայնել սահմանափակումները մետալուրգիական, միջուկային, քիմիական և բանկային ոլորտներում։

«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ի խորհրդին…. հետագա պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի համար առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունեցող հատվածների (մետալուրգիական, միջուկային, քիմիական, գյուղատնտեսական և բանկային) դեմ», - նշվում է փաստաթղթում։

Այնտեղ նաև խոսվում է ռուսական հանածո վառելիքի և հեղուկացված բնական գազի` ԵՄ ներմուծման վրա «լիարժեք էմբարգոյի» անհրաժեշտության մասին:

Նմանատիպ նյութեր