211652_close_icon
views-count1021 դիտում article-date 21:38 03-12-2024

Հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում արդարադատության նախարարը հանդիպել է ուսանողների հետ

Արդարադատության նախարարության նախաձեռնած «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» խորագրով հանրային իրազեկման արշավի շրջանակում այսօր մի շարք պետական մարմիններում ուսանողների համար բաց դռների օր էր, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Պաշտոնյաների հետ հանդիպումը եզրափակվել է Արդարադատության նախարարության վարչական շենքում՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հանդիպում- քննարկմամբ:

Սրբուհի Գալյանը նշել է, որ այս արշավը մեծ կարևորություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, իսկ երիտասարդների դերն այդ պայքարում անկյունաքարային է: Նախարարը փաստել է, որ ուսանողները մեր երկրի լուսավորյալներն են և պետք է ոչ միայն լինեն «0 հանդուրժողականություն կոռուպցիայի դեմ» գաղափարի կրողը, այլև՝ այն տարածողը: Արդարադատության նախարարը խոսել է կոռուպցիայի` որպես լայն, բազմաշերտ և դինամիկ երևույթի մասին` ընդգծելով, որ դրա դեմ պայքարը կարող է հաջողել միայն այն դեպքում, եթե կրի համակարգային և ներառական բնույթ:

Նախարարը, ըստ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությունների, ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման ուղղություններով պետության իրականացրած քայլերը` շեշտադրելով դրանց շարունակականությունը ապահովելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարում առկա մարտահրավերներին՝ Արդարադատության նախարարը խոսել է մեր քաղաքացիների մտածողության փոփոխության, պաշտոնատար անձանց կողմից բարեվարքության համակարգին հավատարիմ լինելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ընդգծել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերն այս հարցում:
Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանի ձևաչափով:

Ուսանողներին «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ի բաց դռների շրջանակում ընդունել են Գլխավոր դատախազությունում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, Հակակոռուպցիոն կոմիտեում, Հակակոռուպցիոն դատարանում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր