211652_close_icon
views-count733 դիտում article-date 19:07 10-12-2024

«Քաղաքաշինական միջավայր ձևավորելու մտածելակերպը պետք է լինի կառուցապատման առաջիկա ծրագրերի հիմքում». Եղիազար Վարդանյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը դեկտեմբերի 10-ին մասնակցել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի տարեկան ժողովին, որին ներկա են եղել պետական գերատեսչությունների, մատակարար կազմակերպությունների և ասոցիացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է ասոցիացիայի գործունեության հաշվետվությունը, և քննարկվել են կառուցապատման ոլորտի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ողջույնի խոսքում կարևորել է ասոցիացիայի և կոմիտեի միջև կառուցողական հիմքերի վրա դրված համագործակցության խորացումը։ Առանցքային ուղղություններից նա առանձնացրել է քաղաքաշինության ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանը, նորմատիվային դաշտի արդիականացմանը, ոլորտի ակտիվության խթանմանն ու նշաձողի բարձրացմանը միտված համատեղ քայլերը։

Եղիազար Վարդանյանը ներկայացրել է ապարտհոթելների կառուցման, դպրոցաշինության ծրագրերում նոր մոտեցումների կիրառման գաղափարները՝ կառուցապատողների ներգրավմամբ, բնակարանային ֆոնդի ռենովացիայի հայեցակարգի, բազմաբնակարան շենքի կառավարման վերաբերյալ օրենքի մշակման և եվրոպական նորմերի կիրառության ապահովման նպատակով իրականացվող աշխատանքները։ Նա կարևորել է նաև կառուցապատման գործունեության վերաբերյալ օրենքի մշակման միջոցով կառուցապատողների կարգավիճակի, ոլորտի խաղի կանոնների հստակեցման անհրաժեշտությունը։ «Հուսով եմ՝ կառուցապատողները կիսում են այն պատկերացումը, որ պետք է կառուցեն ոչ թե զուտ շենք, այլ միջավայր՝ բոլոր ենթակառուցվածքներով, կրթական, առողջապահական հաստատություններով, կանաչ տարածքներով։ Քաղաքաշինական միջավայր ձևավորելու մտածելակերպը պետք է լինի կառուցապատման առաջիկա ծրագրերի հիմքում»,-ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

Միջոցառման ընթացքում անդրադարձ է եղել ոլորտի առաջիկա մարտահրավերներին, մատակարար կազմակերպությունների հետ աշխատանքում առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Ներկայացվել են պետություն-բիզնես երկխոսության խորացման, կառուցապատման ոլորտի առաջխաղացմանը նպաստելու վերաբերյալ առաջարկներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր