211652_close_icon
views-count1036 դիտում article-date 18:46 25-12-2024

Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը

Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից:

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-20:00 «Սան Լազարո» սգո սրահում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին նույն վայրից:

Հայաստանի նկարիչների միության ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին»,-ասվում է գրառման մեջ:

Վլադիմիր (Օհան) Պետրոսյանը ծնվել է 1941 թվականին։ 1979-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Ձևավորել է հեռուստաֆիլմեր, բեմադրություններ։ 1990-1995 թվականներին եղել է ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, գիտության, կրթության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Նրա ստեղծագործություններից են՝ «Ալեքսանդր Սպենդիարյան» (1975թ., բրոնզ, ՀԱՊ), «Դոն Քիշոտ» (1971թ., հրակավ, ԺԱԹ), «Վերադարձ» (1983թ., փայտ, ԺԱԹ), Խնկո Ապոր անվան գրադարանի դուռը (1982թ., փայտ, Երևան), «Լ.Մոտալովա» (1976թ., թուջ), «Հրանտ Մաթևոսյան» (1985թ., հրակավ), «Արշիլ Գորկի» (1987թ., բրոնզ), «Սոսե Մայրիկ» (1987թ., մարմար), «Մարշալ Բաղրամյանի կիսանդրի» (1997թ., մարմար, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարան), Ֆրանց Վերֆելի դիմաքանդակ-հուշակոթողը (1998թ., բրոնզ, գրանիտ, Վիեննա), Մաքսիմ Գորկու հուշարձանը (1973թ., հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ), «Ուսուցիչ» արձանախումբը (1974թ., հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ), Հայրենական պատերազմի հուշահամալիր (1989թ., համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ), Միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի ձևավորումը (1978թ., Ալժիր, արծաթե մեդալ), «Տարաս Շևչենկո» (2013թ., Երևան):

Նմանատիպ նյութեր