211652_close_icon
views-count1201 դիտում article-date 23:10 20-01-2025

Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում

Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն է: Փոխանցում է Ermenihaber-ը։

Ընդգծվում է, որ չնայած Թրամփը պատմության էջերում մնացել է որպես միակ ԱՄՆ նախագահ, ով Թուրքիայի դեմ 5 անգամ պատժամիջոց է սահմանել, ակնկալիք կա, որ թուրքական կողմի նկատմամբ դրական քաղաքականություն է վարելու:

«Թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր ժամանակաշրջան է սպասվում»: Տարածվող նման տեսակետը հիմնավորվում է Թրամփի խոսքերի մեջբերմամբ.

«Էրդողանն իմ բարեկամն է և ես հարգում եմ նրան: Կարծում եմ՝ նա էլ ինձ է հարգում»:

Բացի այդ ընդգծվում է այն միտքը, որ Թրամփն անուղղակիորեն գովաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիայում իրականացրած քաղաքականության համար, իսկ Իրանին և ՌԴ-ին համարել այդ երկրում արդեն իսկ թուլացած դերակատարներ:

Մամուլում ուշադրություն է հրավիրվում նաև Սիրիայում գործող քուրդ զինյալների և ԱՄՆ-ի միջև առկա համագործակցության վրա: Նշվում է, որ հատկապես այդ ուղղությամբ Թրափմի վարած քաղաքականությունը որոշիչ կլինի Թուրքիայի համար: 

Հավելենք, որ չնայած թուրքական մամուլում տարածվող նման վերլուծությունների և կարծիքների, Էրդողանը, այնուամենայնիվ, հրավիրված չէ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը:

Նմանատիպ նյութեր