211652_close_icon
views-count3922 դիտում article-date 22:06 25-02-2025

Մատենադարանի հարևանությամբ գտնվող մի ամբողջ թաղամասի բնակիչներ հայտնվել են գերու կարգավիճակում․ պատճառը՝ պատկան մարմինների փնթի աշխատանքն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ Երևանում կան բազմաթիվ փողոցներ, որոնք բնակիչների համար դարձել են պատուհաս՝ ակնհայտ է։ Կան բազմաթիվ փողոցներ, որոնց հարակից շենքերի բնակիչները կարծես հայտնվում են պատանդի կարգավիճակում։ Նմանատիպ փողոցներից է համարվում Երևանի սրտում, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հարևանությամբ, Մաշտոցի պողոտայից սկիզբ առնող Անտառային փողոցը, որտեղ բնակվում են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կարծես գերի լինեն, որոշ վայ վարորդների կողմից կատարված անթույլատրելի գործողությունների պատճառով։ 

Այսօր՝ փետրվարի 25-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ անգամ նշված վայրից ահազանգ է ստացվել շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տևական ժամանակ չի կարողացել հաղթահարել այդ հատվածը, քանի որ բազմաթիվ ավտոմեքենաներ անկանոն կայանել էին և տպավորություն էր ստեղծվել, որ այն ոչ թե բնակելի վայր է, այլ ավտոշուկա։ Էլ չենք ասում, որ աշխատանքային օրերին Մատենադարան այցելուները նույնպես հայտնվում են բավականին անհարմար վիճակում, քանի որ երթևեկության նկատմամբ տիրում է բարձիթողի վիճակ, իսկ եթե տեղի ունենա արտակարգ դեպք, այդ թվում բնական աղետ, երկրաշարժ, ապա բազմաթիվ քաղաքացիներ ունենալու են տարհանման խնդիր, իսկ հրշեջ և շտապօգնության մեքենաներն են էլ դարձյալ չեն կարողանալու մոտենալ և կատարել իրենց առաքելությունը, այն է՝ օգնել ու փրկել մարդկանց, մինչ դեռ նշված հատվածում տեղադրված են նաև ավտոմեքենաների կանգառը և կայանումը արգելող ցուցանակներ, սակայն օրինախախտ վարորդները վստահ լինելով, որ նշված հատվածում պարեկային ծառայությունից ոչ ոք չի լինի, չարամտորեն խախտում են երթևեկության կանոնները։ 

Խնդրի վերաբերյալ պետք է հետևություններ անեն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գունդն ու Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Ո՞վ է տեսել քաղաքի կենտրոնում նման բարձիթողի վիճակ։ Բազմաթիվ անգամ ահազանգել ենք Երևանի քաղաքապետարան, նախկին ճանապարհային ոստիկանություն, հիմա արդեն Պարեկային ծառայություն, բայց ոչ մի դրական պատասխան։ Հետո էլ ասում են, թե մենք ամեն մի բնակչի ահազանգի հետքերով գնում ենք, բա ինչպե՞ս հասկանանք, որ քաղաքի կենտրոնում տիրում է նման բարձիթողի վիճակ ու պատկան մարմինները ասես «ջայլամի կեցվածք» ընդունեն։ Ամոթն էլ է լավ բան, մի հատ հրդեհ լինի, մի արտակարգ դեպք լինի, ո՞նց եք բնակիչներին տարհանելու։ Ո՞նց են հրշեջ մեքենաները մոտենալու, դեռ շտապ օգնությանը ինչ որ տեղ պացիենտին պատգարակով կմոտեցնեն, բա եթե հրդեհ եղավ, հրշեջ մեքենաները օդով ե՞ն գալու։Ասում եք տուրիզմ եք զարգացնում, Մատենադարանը օրեկան աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկներ են այցելում ու նրանք ականատես են լինում, թե ինչպիսի երթևեկության քաոս է տիրում շուրջ բոլորը, այնպես որ գործով ապացուցեք, որ տիրապետում եք երթևեկության կանոնների պահպանմանը, հակառակ դեպքում ձեր կողմից ներկայացված բոլոր բարեփոխումները, որոնք միտված են ճանապարհային  երթևեկության բարելավմանը՝ մեզ համար դատարկ ու փուչ խոսքեր են»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր